Նուրիել Ռուբինին` համաշխարհային տնտեսության մասին

Աշխարհահռչակ տնտեսագետ Նուրիել Ռուբինին վերջին մեկ ամսվա ընթացքում ճամփորդել է աշխարհի տարբեր քաղաքներում: ProjectSyndicate.org կայքում հրապարակած հոդվածում, որը վերնագրված է «Համաշխարհային տնտեսության մասին՝ համառոտ, նա խոսում է համաշխարհային տնտեսության խնդիրների մասին:

Ստամբուլ – Անցած չորս շաբաթներին ես ճամփորդեցի Սոֆիա, Կուալա Լումպուր, Դուբայ, Լոնդոն, Միլան, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Փարիզ, Պեկին, Տոկիո, Ստամբուլ և Միացյալ Նահանգներով մեկ: Որպես եզրահանգում՝ համաշխարհային տնտեսության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները երբեք այդքան հեռուն չէին գնացել:

Եվրոպայում եվրոգոտու փլուզման հետևանքների ռիսկը և Իսպանիայի ու Իտալիայի կողմից ընդհանուր շուկային մուտք ունենալու հնարավորությունը նվազել է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սուվերեն պարտքին աջակցելու՝ անցած ամռանն ընդունված որոշման հետևանքով: Սակայն արժութային միության հիմնարար խնդիրները՝ պոտենցիալ ցածր աճը, շարունակվող ռեցեսիան, մրցունակության կորուստը և պետական ու մասնավոր մեծ պարտքը, չեն լուծվել:

Ավելին՝ Եվրոպական Միության կորիզի՝ ԵԿԲ-ի և պերիֆերիայի միջև գործարքը (խիստ խնայողության և բարեփոխումների դիմաց ֆինանսական մեծ աջակցություն ստանալու ցավագին քաղաքականությունը) այժմ տապալվում է, քանի որ եվրոգոտու արվարձանային երկրներում հոգնածությունը խիստ խնայողության քաղաքականությունից բախվում է հոգնածությանը կորիզ երկրներում, ինչպես օրինակ՝ Գերմանիայում և Նիդեռլանդներում:

Արվարձանային երկրներում խիստ խնայողության քաղաքականությունից հոգնածությունն ակնհայտ է՝ ընդդիմադիր ուժերի հաջողությունն Իտալիայում, զանգվածային փողոցային հուզումներն Իսպանիայում, Պորտուգալիայում և այլուր, իսկ այժմ արդեն կիպրոսյան բանկերին տրված անհաջող աջակցությունը, որը հանրության լայն զանգվածների զայրույթն է հարուցել: Եվրոպայի ամբողջ պերիֆերիայով աջ և ձախ պոպուլիստական կուսակցություններն ուժ են հավաքում:

Միևնույն ժամանակ, Գերմանիան պնդում է, որ Կիպրոսում հարկվեն վարկեր հատկացնող բանկերը, ինչն ապացույցն է այն բանի, որ կորիզը հոգնել է ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց: Եվրոգոտու կորիզի այլ երկրներ, որոնք ձգտում են նվազեցնել իրենց հարկատուների համար ռիսկերը, նմանապես հասկացրել են, որ վարկատուների կողմից «ֆինանսական օգնությունը» ճանապարհ է դեպի ապագան:

Եվրոգոտուց դուրս նույնիսկ Միացյալ Թագավորությունն է ամբողջ ուժով ձգտում վերականգնել տնտեսական աճը, որը սկզբնական փուլում տուժել էր ֆինանսական խստացման արդյունքում: Խիստ խնայողության քաղաքականության դեմ տրամադրությունները թափ են հավաքում նաև Բուլղարիայում, Ռումինիայում և Հունգարիայում:

Չինաստանում ղեկավարության փոփոխությունը հարթ անցավ: Սակայն երկրի տնտեսական մոդելը, ինչպես երկրի նախկին վարչապետ Վեն Ձիաբաոն էր որակել, «անկայուն, անհավասարակշիռ, անինքնաբավ և չհամակարգված է»:

Չինաստանի խնդիրները բազմաթիվ են՝ անհավասարակշռություններ ծովափնյա և ներքին շրջանների, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև; չափից ավելի շատ խնայողություններ և ներդրումներ հիմնական կապիտալում, ինչպես նաև մասնավոր սպառման չափազանց ցածր մակարդակ; եկամուտների և հարստության մեծացող անհավասարություն; օդի, ջրի և հողի աղտոտմամբ ուղեկցվող շրջակա միջավայրի զանգվածային վատթարացում, որը վտանգի տակ է դնում հանրային առողջությունն ու սննդամթերքի անվտանգությունը:

Երկրի նոր ղեկավարներն անկեղծորեն խոսում են բարեփոխումների խորացման և տնտեսությունում հավասարակշռությունների հասնելու մասին, սակայն շարունակում են զգուշավորությունը, աստիճանականությունը և պահպանողականությունը: Բացի այդ՝ հաղթահարված չէ բարեփոխումներին ընդդիմացող շրջանակների՝ պետական ձեռնարկությունների, նահանգային կառավարությունների և զինվորականության ազդեցությունը: Արդյունքում բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են տնտեսության անհավասարակշռությունների հարթեցման համար, այդքան էլ արագ չեն իրականանում, որպեսզի կարողանան հաղթահարել հետևանքները, երբ արդեն հաջորդ տարի սկսվի ներդրումների անկումը:

Չինաստանում, ինչպես և Ռուսաստանում (մասամբ նաև Բրազիլիայում և Հնդկաստանում), պետական կապիտալիզմը գնալով ավելի է խորանում, ինչը տնտեսական լավ աճ չի խոստանում: Ընդհանուր առմամբ, բոլոր չորս երկրները (BRIC երկրները) գերագնահատվել են, և զարգացող այլ երկրներ հաջորդ տասնամյակում ավելի լավ արդյունքներ կարող են ցույց տալ: Մալայզիան, Ֆիլիպինները և Ինդոնեզիան Ասիայում, Չիլին, Կոլումբիան և Պերուն՝ Լատինական Ամերիկայում, Ղազախստանը, Ադրբեջանը և Լեհաստանը՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Ավելի հեռու արևելքում Ճապոնիան տնտեսական նոր փորձ է իրականացնում, որպեսզի կանգնեցնի դեֆլյացիան, խթանի տնտեսական աճը և վերականգնի գործարար և սպառողական վստահությունը: «Աբենոմիկան» [Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի վարած տնտեսական քաղաքականությունը – խմբ.] մի քանի բաղադրամասերից է բաղկացած՝ Ճապոնիայի բանկի կողմից խթանմանն ուղղված դրամավարկային ագրեսիվ քաղաքականություն; պահանջարկի արագ աճի նպատակով ֆինանսական խթանում, այնուհետև 2014թ. խիստ խնայողության քաղաքականություն՝ բյուջեի պակասուրդի մեծացումն ու պետական պարտքի աճը թույլ չտալու համար; ներքին պահանջարկի խթանման համար անվանական աշխատավարձերի բարձրացում; տնտեսության կարգավորման թուլացմանը միտված կառուցվածքային բարեփոխումներ; ինչպես նաև ազատ առևտրի շուրջ նոր համաձայնագրերի կնքում՝ սկսած Խաղաղօվկիանոսյան համագործակցությունից՝ նպատակ ունենալով մեծացնել ապրանքաշրջանառությունն ու արտադրողականությունը:

Սակայն մարտահրավերները հսկայական են: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք հնարավոր է դեֆլյացիան կրճատել դրամավարկային քաղաքականությամբ; չափազանց շատ ֆինանսական խթանումներն ու խիստ խնայողության քաղաքականություն իրականացնելու հետաձգումը կարող են հանգեցնել պարտքի անկայուն մակարդակի; «աբենոմիկայի» կառուցվածքային բարեփոխումները մշուշոտ են: Ավելին՝ Արևելաչինական ծովում Չինաստանի հետ տարածքային վեճի շուրջ լարվածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ապրանքաշրջանառության և օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա:

Այնուհետև գալիս է Միջին Արևելքը, որը նախկինի պես շարունակում է մնալ անկայունության ծիածան՝ Մաղրեբից մինչև Պակիստան: Թուրքիան՝ երիտասարդ բնակչությամբ, տնտեսական աճի մեծ պոտենցիալով և դինամիկ մասնավոր հատվածով հավակնում է տարածաշրջանային խաղացող դառնալ: Սակայն Թուրքիան ինքը բազմաթիվ մարտահրավերներ ունի: Եվրոպական Միությանն անդամակցելու նրա հայտը դեռ պատասխան չի ստացել, իսկ եվրոգոտում ռեցեսիան արգելակում է Թուրքիայում տնտեսական աճը: Նրա ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը մեծ է մնում, իսկ դրամավարկային քաղաքականությունում խառնաշփոթ է եղել, քանի որ մրցունակությունը բարձրացնելու և աճը խթանելու փորձերը բախվել են գնաճը վերահսկելուն և վարկային չափազանց մեծ էքսպանսիային:

Բացի այդ, թեև Իսրայելի հետ մերձեցումը ավելի հավանական է դառնում, Թուրքիան լուրջ լարվածությունների է առերեսվել Սիրիայի և Իրանի հետ իր հարաբերություններում, իսկ իշխող իսլամիստական կուսակցությունը նախկինի պես պետք է ապացուցի, որ կարող է գոյակցել երկրի աշխարհիկ քաղաքական ավանդույթի հետ:

Այս փխրուն գլոբալ միջավայրում արդյո՞ք Ամերիկան դարձել է հույսի փարոս: ԱՄՆ-ում մի քանի դրական տնտեսական միտումներ կան՝ բնակարանային շուկան վերականգնվում է; շերտաքարային գազի և նավթի արդյունահանումը կնվազեցնի էներգիայի վրա կատարվող ծախսերը և կբարձրացնի մրցունակությունը; նոր աշխատատեղեր են ստեղծվում; Ասիայում աշխատուժի թանկացումը, ռոբոտոտեխնիկայի ի հայտ գալը և արտադրության ավտոմատացումն ընկած են արդյունաբերության վերածննդի հիմքում; իսկ քանակական մեղմման ագրեսիվ քաղաքականությունը օգնում է նաև տնտեսության իրական հատվածին և ֆինանսական շուկաներին:

Սակայն ռիսկերը պահպանվում են: Գործազրկությունն ու տնային տնտեսությունների պարտքը նախկինի պես մեծ են: Հարկերի բարձրացումից առաջացող ֆինանսական արգելակները և ծախսերի սահմանափակումները կհարվածեն տնտեսական աճին, իսկ կուսակցական բևեռացման պատճառով քաղաքական համակարգը անբարենպաստ է, ինչը խանգարում է բյուջեի պակասուրդի, ներգաղթի, էներգետիկ քաղաքականության և տնտեսական աճի ներուժի վրա ազդող կարևորագույն այլ հարցերի շուրջ համաձայնության հասնելուն:

Ընդհանուր առմամբ, զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում ԱՄՆ-ը հարաբերականորեն ամենալավ վիճակում է, որին հետևում է Ճապոնիան, որտեղ «Աբենոմիկան» մեծացնում է վստահությունը: Եվրոգոտին և Միացյալ Թագավորությունը շարունակում են մնալ ռեցեսիայի մեջ, որն ավելի է բարդանում դրամավարկային և հարկաբյուջետային խիստ քաղաքականության պատճառով: Զարգացող երկրների շարքում Չինաստանը կարող է կոշտ հետևանքների առերեսվել 2014թ., եթե ժամանակին կառուցվածքային բարեփոխումներ չիրականացնի, իսկ BRIC-ի մյուս երկրները պետք է հրաժարվեն պետական կապիտալիզմից: Ու թեև Ասիայի ու Լատինական Ամերիկայի զարգացող մյուս երկրներում մեծ դինամիկա է նկատվում, քան BRIC-ի երկրներում, նրանց ուժերը չեն հերիքի համաշխարհային իրադարձությունների ընթացքի վրա ազդելու համար:

Մեկնաբանել