«Թրանսփարենսի ինթերնեշնլը» նախաձեռնում է «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» քարոզարշավը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ՀԿ-ն քարոզարշավ է նախաձեռնում՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» կարգախոսով:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հայաստանում շատերը կասկածում են ընտրությունների ազնվությանն ու լեգիտիմությանը, քանի որ չեն վստահում ընտրողների ցուցակների ճշգրտությանը` համարելով դրանք քվեարկության արդյունքները կեղծելու հիմնական գործիք:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների հրապարակման հանրային պահանջ: Հաշվի առնելով դրան առնչվող օրենսդրական սահմանափակումները, պահանջը մասնավորապես ուղղվում է ՀՀ ազգային ժողովին` կատարելու փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ստորագրված ցուցակների հրապարակայնությունը: Այս փոփոխությունները պետք է ունենան հետադարձ ուժ և ապահովեն 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները:

Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն առաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները կարող են անել իրենց լեգիտիմությունն ապացուցելու և ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը վերականգնելու նպատակով: Անհրաժեշտ է, որ ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ թույլ տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը:

«Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» քարոզարշավին կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի` տարածելով տեղեկություններ և հավաքելով ստորագրություններ կից ներկայացվող հիմնավորող նյութի և ստորագրահավաքի ձևաթղթի համաձայն»:

Մեկնաբանել