«Հյուսիս-հարավի» չօգտագործված միջոցները կառավարությանը $256 հազ. են արժեցել

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածի շինաշխատանքների մեկնարկը, 13 սեպտեմբերի, 2012թ.։

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ծրագրով նախատեսված շինաշխատանքների դանդաղ ընթացքը ոչ միայն բացասաբար է ազդել տնտեսության վրա, այլև կառավարությունը ստիպված է եղել չօգտագործված միջոցների համար $256 հազ-ի տույժեր վճարել։ Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված «Տրանշ-1»-ի և «Տրանշ-2»-ի տոկոսավճարների սպասարկմանը գործադիրը անցյալ տարի $300 հազ. է ուղղել։

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) դեռ 2009թ. սեպտեմբերին որոշում ընդունեց Հայաստանում 556 կմ երկարությամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային նախագծի իրականացմանը հատկացնել $500 մլն-ի վարկային միջոցներ։ Գումարից $230 մլն-ը «Տրանշ-1» ($60 մլն) և «Տրանշ-2» ($170 մլն) ծրագրերով հատկացվեց համապատասխանաբար 2009թ. վերջին և 2010թ.։

Հաջորդած տարիներին գործադիրի ոչ հետևողական քայլերի արդյունքում այդ միջոցներով աշխատանքներ գրեթե չիրականացվեցին։
Շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի անցկացման դանդաղ ընթացքի, ինչպես նաև մրցույթում հաղթող ընկերության ճանաչման ձգձգման հետևանքով «Տրանշ-1»-ի շրջանակում Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները սկսվեցին միայն 2012թ. սեպտեմբերին։ Երկու այս տրանշներով նախատեսվող շինաշխատանքների իրականացման համար միջազգային մրցույթ թեև հայտարարվել էր 2011թ. օգոստոսին, իսպանական Corsan Corviam Construccion S.A-ը հաղթող ճանաչվեց միայն 2012թ. ապրիլին վերջին։

Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների տնօրինման ցածր կատարողականի պայմաններում կառավարությունը տոկոսավճարների մարմանը «Տրանշ-1»-ով 2010-2012 թթ. արդեն ուղղել է մոտ $65 հազ.։ Եթե առաջին տրանշով նախատեսվող աշխատանքները գոնե մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերից, ապա ԱԶԲ-ի կողմից 2011թ. «Տրանշ-2»-ի շրջանակում (Աշտարակ-Թալին 42 կմ ճանապարհատվածի հիմնանորոգում) հատկացված $170 մլն-ով գործնականում որևէ աշխատանք չի իրականացվել։ Չօգտագործված միջոցների համար 2011-2012 թթ. կառավարությունը «Տրանշ-2»-ի տոկոսավճարների սպասարկմանն ուղղել է մոտ $300 հազ., որից միայն անցած տարի՝ $256,5 հազ.։

«Տրանշ-2»-ի պայմանագրով սահմանված է, որ վարկառուն հատկացված վարկային միջոցներից չօգտագործված գումարի համար տարեկան պետք է վճարի 0,15% պարտավճար (տույժ)։ Ըստ էության՝ անցած երկու տարիներին «Տրանշ-2»-ի տոկոսավճարների սպասարկմանն ուղղված միջոցները եղել են տույժերը։

Կառավարության տնօրինության տակ 2010-2012 թթ. ըստ էության եղել է $230 մլն, որը գործադիրը «սառեցրել է»՝ դրանով իսկ վնաս հասցնելով ոչ միայն տնտեսությանը (շինաշխատանքների ժամանակին իրականացումը մուլտիպլիկատիվ էֆեկտով կնպաստեր տնտեսական աճին), այլև պետբյուջեին։

Մեկնաբանել