Փարիզի քաղաքապետարանում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Քաղաքապետ Բերտրան Դըլանոեն հանդես է եկել բացման խոսքով՝ նշելով, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի և Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի:

Փարիզի քաղաքապետը ընդգծել է հայկական արմատներ ունեցող փարիզցիների անգնահատելի դերը քաղաքի պատմության ընթացքում, մասնավորապես՝ Փարիզի ազատագրման համար պայքար մղած Միսաք Մանուշյանի խմբի ներդրումը՝ որպես հայ-ֆրանսիական եղբայրության պատմական կարևոր դրսևորումներից մեկը:

Քաղաքապետի ելույթին հաջորդել են Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանի և Արա Թորանյանի ելույթները: Վերջիններս վերստին բարձրաձայնել են Մեծ եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդների` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու պահանջն ուղղված Ֆրանսիայի բարձրագույն իշխանություններին: Խորհրդի կողմից արիության մեդալ է շնորհվել միջոցառմանը ներկա թուրք մտավորական Էրոլ Օզկորային` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի համար:

Եզրափակիչ խոսքով է հանդես եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքապետին Հայկական հարցի նկատմամբ իր հանձնառության և այս ամենամյա նախաձեռնության համար՝ Հայաստանի դեսպանը նշել է, որ 98 տարի անց Հայոց Ցեղասպանության վերքերը թարմ են և նույնիսկ էլ ավելի են խորանում` Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակվող կույր ժխտողականության պատճառով:

«Առանց անցյալը հիշելու, անհնար է կառուցել ապագան, քանի որ ապագան խախուտ է, երբ հիմնված է անցյալը ժխտելու, այլ ոչ թե գիտակցելու ու դասեր քաղելու վրա»,-նշել է դեսպան Չիտեչյանը և հավելել, որ հարատև խաղաղ համակեցության համար նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ունենա բավարար կամք առերեսվելու պատմական իրողությանը՝ հետևելով թուրք առաջադեմ մտավորականների խորհրդին:

Հիշատակի միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Մեկնաբանել