Ֆիննախում որոշել են միջամտել պետպատվերով կապիտալ շինարարությանը

Ֆինանսների նախարարությունը կառավարության ապրիլի 25-ի նիստի հավանությանն է ներկայացրել «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Մինչ այս նախարարության փոխանցմամբ կանոնակարգվել էին պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող 227 անվանում ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։

Ներկայացվող փաստաթուղթը նպատակ ունի ապահովել կողմնորոշիչ գների սահմանման գործընթացում կազմակերպությունների գործունեության կանոնակարգվածություն և հիմնավորվածություն, օբյեկտիվ գործող գների առկայություն, պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հիմնավորված նախահաշիվների առկայություն, պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում։

Մինչ այս շինանյութերի միջինացված գների ամենամսյա տեղեկագրերի հրապարակման, քաղաքաշինության բնագավառի գնագոյացման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով պետական քաղաքականության մշակման աշխատանքների, պետական պատվերի շրջանակներում քաղաքաշինության բնագավառի գնագոյացման ծրագրերի իրականացման համար 2006թ. ստեղծվել էր «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոնը» (ԳՎԻԿ)։ Սակայն ֆինանսների նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծից երևում է, որ կենտրոնի աշխատանքները ողջ այս ընթացքում կրել են ձևական բնույթ, և պետպատվերով շինաշխատանքներում օգտագործված շինանյութի գներն էապես տարբերվել են շուկայական գներից։

Ձևական կողմի մասին փաստում է նույնիսկ ֆինանսների նախարարությունը. որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանություն օրենսդրությամբ սահմանված չի եղել։

«Դրա հետևանքով ԳՎԻԿ ՊՈԱԿ-ի կողմից գների սահմանման մինչ այժմ կիրառվող ցանկացած մեխանիզմ պարունակում էր սխալվելու հավանականություն և դառնում չհիմնավորված։ Գների հաշվարկման մեթոդաբանության առկայության դեպքում պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի իրականացման համար պետական բյուջեում կնախատեսվեն օբյեկտիվ հիմնավորված ֆինանսական միջոցներ»,– նշել է ֆինանսների նախարարությունը։

Ի դեպ՝ կառավարության ապրիլի 18-ի նիստին ընդունվել էր ֆինանսների նախարարության կողմից ներկայացված որոշման մեկ այլ նախագիծ, որով սահմանվում էին պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող 227 անվանում ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։ Ըստ այդմ՝ այսուհետ պետական մարմինների կողմից ձեռք բերվող ապրանքների գները, առանց հատուկ հիմնավորման, չեն կարող ավելի լինեն սահմանված «առաստաղային» գներից։

Մեկնաբանել