Թողարկվել է Google Now-ի iOS տարբերակը

Google-ի որոնման անհատականացված Google Now բջջային ծառայությունը, որ ի սկզբանե նախատեսված էր միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար, արդեն հասանելի է Apple-ի iPhone և iPad սարքավորումներից օգտվողների համար, հաղորդում է Verge-ը:

Google Now ծառայությունը օգտատիրոջը ցուցադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը` կախված նրա գտնվելու վայրից, գործողություններից և ծրագրերից: Ծառայությունը տեղեկություններ է հաղորդում նաև եղանակային փոփոխությունների, ճանապարհային խցանումների և ծրագրված կետին հասնելու լավագույն երթուղիների մասին: Google Now-ն այսուհետ կկարողանա օդանավակայան ժամանելու պես Gmail-ից ավտոմատ «հանել» էլեկտրոնային ավիատոմսը:

iPhone և iPad սարքավորումներում Google Now-ն գործարկելու համար հարկավոր է անվճար թարմացնել այն, բացել բջջային որոնման համակարգն ու էկրանը ձգել դեպի վեր: Արդյունքում օգտագործողը կտեսնի Google-ի անձնական էջի հետ փոխկապակցված բոլոր տվյալները և նախկինում կատարված հարցումների արդյունքները:

Մեկնաբանել