Իսկական Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի է. Ն.Փաշինյանի պատասխանը Կ.Ավագյանին

ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին «ՀՀԿ» խմբակցության անդամ Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից կեղծված ապրանքանիշ է որակել «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունը: Այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ներկայացնում ենք նրա պատասխանը.

«Առաջին հայացքից տարօրինակ այս հայտարարությունը հասկանալի է դառնում, երբ այն դիտարկում ենք վերջին ամիսներին իմ համեստ անձի նկատմամբ ընդդիմադիր և այլընտրանքային կողմերից ծայր առած բանսարկությունների արշավի ֆոնին:

Թերևս տեսնելով, որ իրենց բանսարկությունները ցանկալի էֆեկտ չեն ունենում, «հականիկոլական» քարոզարշավի հեղինակները որոշել են օգնության կանչել իրենց հին զինակիցներին կամ ընթացիկ խնամիներին, որոնք էլ գործի են դրել իրենց երիտասարդ ակտիվը՝ հակադիր դաշտում գտնվող հայտնի շրջանակների հետ «պասերով» խաղալու համար:

Վերահաստատելով նախկինում տված խոստումս, որ ինձ հետ կապված որևէ հարց չի մնալու առանց հրապարակային պարզաբանման, այս պահին հարկ եմ համարում ընդգծել միայն հետևյալը.

ա) Իսկական Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի է, և առանց 2008 թվականի Մարտի 1-ի մյուս կամ մյուս ոճրագործների ու նրանց ախքակերպ սպասարկուների:

բ) Իսկական Երևանը առանց Տարոն Մարգարյանի է և նրա հետ համատեղ՝ մայրաքաղաքը անմիտ բետոնակույտերի վերածած քրեական օլիգարխիայի:

Հաշվի առնելով, որ առաջիկա կիրակի օրը տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ, երևանցիներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քվեարկել ընդդիմության օգտին և վճռականորեն ոչ ասել ա) և բ) կետերում նշված սուբյեկտներին:

Վերահաստատելով 2007, 2008 թվականներին և դրանից հետո Հայաստանի հանրության առաջ ստանձնած պարտավորություններս՝ Հայաստանում և արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել Հաղթական քաղաքացիական-քաղաքական պայքարի»:

Հիշեցնենք, որ Կարեն Ավագյանն ասել էր. «Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշեր: ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ը, բայց առանց Նիկոլի: Զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է… Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է: «Ժառանգության» նոր տարբերակը՝ մայիսի 5-ից հետո, քանի որ հինն արտադրությունից դուրս է մնացել։ Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար»:

Մեկնաբանել