Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշման արձագանքներն Ադրբեջանում

Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անկանխատեսելի երկիր է. ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից Ռազմակավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում արած հայտարարությունը։

«2012թ․ վերջից Հայաստանում քաղաքագիտական դիսկուրսի գլխավոր թեման երկրի արտաքին քաղաքական ուղեգծի սահմանումն էր։ Այս ողջ ընթացքում Հայաստանում պաշտոնատար անձինք հայտարարում էին, որ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տեքստն արդեն պատրաստ է, և որ պաշտոնական Երևանը ընտրություն կանի՝ հօգուտ եվրոպական ինտեգրմանը։

Սակայն Հայաստանի նախագահը երեկ միանշանակ կողմ արտահայտվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն։ Այսպիսով՝ Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անկանխատեսելի երկիր է։ Այս ողջ ընթացքում եվրոպացիների հետ ֆարսը պաշտոնական Երևանին պետք էր բացառապես որպես մանրուն դրամ՝ Ռուսաստանի կողմից հավելյալ ֆինանսներ ստանալու համար։ Կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը մոտ ապագայում ձեռք կբերի «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանին մնացած 20%-ը, կմասնակցի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ֆինանսավորմանը, ներդրումային ընկերություն կստեղծի «Նաիրիտ» գործարանին աջակցելու համար և այլն»,- ասել է Մամեդովը։

Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, իր հերթին, ադրբեջանական Haqqin.az կայքի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը համարում է ղարաբաղյան կլանի հերթական ստրկական նվերը Մոսկվային»։

Նրա խոսքով՝ սա լավ նորություն է Ադրբեջանի համար: «Պուտինն այդպես էլ չկարողացավ մեզ Մաքսային միություն ներքաշել։ Հայաստանի միանալուց հետո վերանում է այդ կազմակերպությունը Ադրբեջանի մասնակցության հարցը, քանի որ մենք չենք կարող միևնույն միությունում լինել երկրի հետ, որն օկուպացրել է մեր տարածքները»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանն ինչպես կարող է լինել Մաքսային միությունում՝ չունենալով ընդհանուր սահմաններ Ռուսաստանի հետ, Գուլուզադեն նշել է, թե Պուտինին պարզապես անհրաժեշտ է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների պատրանք ստեղծել։

«Ուշադրություն դարձրեք այն բանին, որ ԱՊՀ առանցքային երկրներից ոչ մեկն այդ միությանը չի միանում։ Պուտինն աղքատ Հայաստանին ներքաշում է այնտեղ, որտեղ չկան Ադրբեջանը, Թուրքմենստանը, Վրաստանը, Ուկրաինան և այլ երկրներ։ Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա Նազարբաևն ընկած-ելած մարդ է և տեղյակ է, որ այդ միությունն ապագա չունի, և Մաքսային միությունում այս երկրի մասնակցությունը կարելի է համարել ձևականություն»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններին՝ Գուլուզադեն նշել է, որ «Հայաստանը ԵՄ-ի հետ որևէ հարաբերություն չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրա վզից կախված է ռուսական լուծը»։

Մեկնաբանել