Բանկիրները կհանդիպեն Դիլիջանում

Հայաստան ժամանած ԿԲ կառավարիչներին ընդունել է Սերժ Սարգսյանը, 12-ը սեպտեմբերի, 2013թ., Երևան։

Սեպտեմբերի 12-14-ը Հայաստանում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական (ազգային) բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում: Կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրների հանդիպմանը ներկա է գտնվելու 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ, ասվում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։ Կառավարիչների ակումբի հանդիպումը տեղի կունենա ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում։

Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ։ Հանդիպման գլխավոր զեկուցողը Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին է։

«Զեկուցողների թվում են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և «Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը: Հանդիպումն անցկացվում է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ» խորագրի ներքո և ունի բավականին հագեցած օրակարգ»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրությունում։

Ջոզեֆ Տոսովսկին ներկայացնելու է «Նորմատիվային նոր գլոբալ բանկային համակարգ» զեկույցը, Ռադովան Ժելաշիչը՝ արտարժույթով վարկավորման հունգարական փորձը, Բորիս Բորոզան կներկայացնի «Համաշխարհային տնտեսության և հիմնական ֆինանսական շուկաների հեռանկարներ» զեկույցը։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև նշված երկրների կենտրոնական (ազգային) բանկերի միջև գործակցության ընդլայնումը և խորացումը։ «Այս ամենն իր հերթին կնպաստի Հայաստանում դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգմանը, ֆինանսական կայունության հաստատմանն ու տնտեսական մթնոլորտի բարելավմանը»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել