Թուրքական ոստիկանության սցենարը տապալվում է

Անցյալ տարվա վերջին Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում հայ տարեց կանանց դեմ կատարված հարձակումները թուրքական ոստիկանության ջանքերով բացահայտվեցին, և պարզվեց, որ հանցագործը մի հոգեկան հիվանդ հայ է, որը ձերբակալվելուց մի քանի օր անց հայտարարեց, որ չնայած ոչինչ չի հիշում, սակայն, եթե ոստիկանության իր «մեծ ախպերները» պնդում են, որ ինքն է արել` ուրեմն արել է:

Անհասկանալի պատճառաբանությամբ դատավարությունն ընթանում է գաղտնի, մամուլի համար փակ, որը տարօրինակ պրակտիկա է հայերի հետ կապված դատական գործընթացներում: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության իրավաբան կամավորները մասնակցում են դատավարությանը՝ ստանձնելով փաստաբանի դերը, և նրանց ջանքերի շնորհիվ ի վերջո հայ մեղադրյալն ասաց, որ չի հիշում, որ նման բան է արել և կարծես ինքը չի արել:

Թուրքական ոստիկանության կողմից թուրքական ֆաշիստական գործողություններից վերջինը քողարկելու համար նախապատրաստված սցենարը կարծես թե գնում է տապալման: Մի քանի օր առաջ նմանատիպ հարձակում տեղի ունեցավ հայաշատ Ֆերիքյոյ թաղամասում : Բոլոր խելամիտ մարդկանց մոտ նույն հարցն է՝ եթե մեղավորը բանտում է, ո՞վ է շարունակում նույն ձեռագրով հարձակումները:

Ինչպես Սամաթիայում հարձակման ենթարկված և սպանված կանանց ընտանիքի անդամները, այնպես էլ Ֆերիքյոյի ծեր կնոջ ընտանիքի անդամները և հարազատները հրաժարվում են մարդկանց, հատկապես լրագրողների հարցերին պատասխանելուց: Ակնհայտ են թուրք ոստիկանների «քնքուշ» նախազգուշացումները դեպքը չտարածելու և չմեկնաբանելու մասին:

Նմանատիպ թաղերում հայերն արդեն մշտապես զգույշ են ապրել, թուրք հարևանների նախանձը չշարժելու համար փորձել են առևտուրը մաս մաս անել, ընտանեկան խնջույքների ժամանակ չաղմկել, դուռը և լուսամուտները լավ փակել, ոչ մեկին չվստահել ու ամենակարևորը` տանն անպայման թուրքական դրոշ ունենալ՝ հարկավոր ժամանակ պատուհանից կախելու համար: Այսօր նման թաղերում ապրող հայերն ընդամենը տասը տարի առաջ իրենց գյուղերից Ստամբուլ տեղափոխված թուրքերի կողմից ընկալվում են որպես օտարներ ու հետևաբար` ժամանակավոր բնակիչներ:

Թուրքական պետությունը, եթե նույնիսկ չի աջակցում այս ամենին, կարելի է ասել՝ շատ լավ պաշտպանում է մեղավորներին: Ինչքան էլ հասկանալի լինի թուրքական պետության ներսում տարբեր ուժերի տարբեր կառույցներում ունեցած ազդեցությունը, բոլորին պարզ է դառնում ցանկացած ուժի հակահայկական տրամադրվածությունը:

Սամաթիայի դեպքերից հետո պետությունը որպես «հայր» պաշտպանեց իր անառակ որդիներին իրենց արած «չմտածված սրիկայության» համար և կարողացավ երկար չարչարանքներից հետո գտնել համապատասխան հայի: Եթե պետությունը դեռ ուզում է շարունակել իր «հայրական» դերը, ուրեմն կրկին պետք է «ջանք թափի» և իր որդու մեղքերը ծածկելու համար նոր խաղերի դիմի …

Photo: sendika.org

Մեկնաբանել