Սիրիական հարցի շուրջ որևէ քննարկում առանց Իրանի «ոչ իրատեսական է». Գյուլ

Սիրիական հարցի շուրջ որևէ քննարկում առանց Իրանի «ոչ իրատեսական է», ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

«Անկեղծ ասած՝ ոչ իրատեսական է քննարկել սիրիական հարցն առանց Իրանի: Վերջինիս հետ փոխըմբռնման հասնելու համար դեռ քայլեր է պետք ձեռնարկել, այդուհանդերձ՝ անկարելի է այդ քննարկումից դուրս թողնել այդ երկիրը», – ասել է Գյուլը՝ հավելելով, որ և՛ Թուրքիան, և՛ Իրանը ուղղակիորեն ներգրավված են Սիրիայում ընթացող գործընթացնում: Գյուլը նաև ընդգծել է Հասան Ռոհանիի՝ որպես Իրանի նոր նախագահ ընտրվելու արդյունքում իրանական քաղաքականության մեջ «նոր դարաշրջանի» սկիզբը:

«Թուրքիան, ուղղակիորեն ներգրավված լինելով հարցում՝ սիրիական հարցի քննարկման ժամանակ պետք է մեծ ուշադրության արժանանա՝ չնայած հարցը վերաբերում է բազմաթիվ այլ երկրների ևս», – ասել է Գյուլը: Նա նաև անդրադարձել է թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող բախումներին՝ «արմատական խմբավորումներին» որակելով Թուրքիայի «ամենամեծ մտահոգություն»:

Աբդուլլահ Գյուլն այս օրերին Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին, որտեղ սիրիական հարցը, ամենայն հավանականությամբ, լինելու է օրակարգի ամենագլխավոր հարցերից: Նյու Յորք մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Գյուլն ասել էր, որ «Թուրքիան պատերազմ չի ուզում Սիրիայում, այլ ձգտում է այդ երկրում արյունահեղության անհապաղ դադարեցմանը»:

Մեկնաբանել