Ներքին հետախուզում՝ Սաակաշվիլիի նկատմամբ

Վրաստանում ներքին հետախուզում է հայտարարվել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ, հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» գործակալությունը։

Համաձայն Վրաստանի Գլխավոր դատախազության՝ այս առնչությամբ արձակվել է համապատասխան հրամանագիր, որը փոխանցվել է երկրի ներքին գործերի նախարարությանը։ Նշվում է նաև, որ նախկին նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2007թ․ նոյեմբերի 7-ի ակցիայի ցրման և «Իմեդի» հեռուստաալիք ներխուժման վերաբերյալ գործով դատարանի կողմից ընտրված հեռակա կալանքի հիման վրա։ Գլխավոր դատախազությունում հայտարարում են, որ Վրաստանի պետական սահմանները հատելու փորձի դեպքում Սաակաշվիլին կձերբակալվի։

«Կայացվել է նախկին նախագահի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշում։ Միխեիլ Սաակաշվիլին որոնվող անձ է ճանաչվել։ Նրա նկատմամբ ներքին հետախուզում է հայտարարվել։ Արձակվել է հրամանագիր, որը փոխանցվել է ներքին գործերի նախարարությանը»,- հայտարարել են Գլխավոր դատախազությունում։

Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Օտար Կախիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ ներքին հետախուզում հայտարարելը որևէ իրավական արդյունքի չի հանգեցնի։ Նրա խոսքով՝ այս ամենի նպատակը Սաակաշվիլիի վարկանիշին վնասելն է։

Ինքը՝ նախկին նախագահը, նախօրեին անդրադարձել է իրեն առաջադրված նոր մեղադրանքներին՝ հայտարարելով, որ «վրեժխնդրությունն ու շտապողականությունը», որով Վրաստանի իշխանությունները «ձգտում են սիրաշահել իրենց ռուս մեղսակիցներին, սահմաններ չունեն»։

«Երևում է՝ ոչինչ չի կարող կանգնեցնել «Վրացական երազանքին» երկրի հեղինակությունը ոչնչացնելուց»,- գրել է Վրաստանի նախկին նախագահը Facebook-ի իր էջում՝ հավելելով․ «Նախ նրանք ինձ մեղադրեցին անձնական նպատակների համար միլիարդներ գողանալու մեջ, սակայն չկարողացան գնտել այդ միլիարդներից և ոչ մի ցենտ։ Այժմ «նրանք ներկայացրել են» 8 միլիոնի վատնման ապացույցներ, որոնց մեծ մասը սովորական կեղծիք է։ Նրանց երևակայությունն ու հետապնդելու ֆիզիկական կախվածությունը կարող էին ծիծաղելի թվալ, եթե նրանք այժմ պատասխանատու չլինեին մեր հայրենիքի ճագատագրի համար։ Այս պատմական օրերին մեր եղբայրական Ուկրաինային այսպես ցուցադրաբար չդավաճանելու փոխարեն՝ նրանք իրենց ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել են վրացի հայրենասերներին հետապնդելու և ձերբակալելու վրա»։ Նա իր տվյալ հայտարարությունը հրապարակել է վրացերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Սաակաշվիլին Վրաստանում 2013թ. նախագահական ընտրություններից հետո լքել է երկիրը։

Հուլիսի վերջին գլխավոր դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ութհատորանոց քրեական գործի շրջանակում նախկին նախագահը մեղադրվում է 2007թ. նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու և Արկադի Պատարկացիշվիլիի ունեցվածքի, մասնավորապես` «Իմեդի» հեռուստաալիքի, Ռուսթավիի մետաղագործական գործարանի և Մտածմինդյան զբոսայգու անօրինական կերպով տնօրինման մեջ։ Այդ մեղադրանքներով նրան սպառնում է 5-8 տարի ազատազրկում։

Օգոստոսի 5-ին Սաակաշվիլիին ևս մեկ մեղադրանք էր ներկայացվել՝ 2005թ. նախկին ընդդիմադիր պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի կազմակերպման մեջ։

Օգոստոսի 13-ին Վրաստանի նախկին նախագահը մեղադրյալ էր դարձել ևս մեկ քրեական գործով․ նա մեղադրվում է 8,83 մլն լարիի ($5 մլն) բյուջտային միջոցների վատնման մեջ։

Մեկնաբանել