ՌԴ-ի հետ Թուրքիայի համար պայքարի մեջ չենք ներքաշվի. ԵՄ

EU-Turkey PC Ankara Ձախից աջ՝ Քրիստոս Ստիլիանիդես, Ֆեդերիկա Մոգերինի, Մևլութ Չավուշօղլու, Վոլքան Բոզքըր և Յոհաննես Հան

Դեկտեմբերի 8-ին Եվրոպական Միության պատվիրակությունը, որի կազմում՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ու ԵՄ Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսը, ժամանել է Թուրքիա: Օրակարգում՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խթանումը, ինչը ենթադրում է ավելի սերտ համագործակցություն «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: ԵՄ պատվիրակության առաքելություններից է նաև ստիպել Անկարային չխափանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: ԵՄ պատվիրակության այցը հետևել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցին: Դեկտեմբերի 8-ին Անկարայում Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵՄ-ի հետ կապերի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի հետ մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների մի շարք հրատապ հարցերի:

Արտաքին քաղաքականություն

«Մեզ անհրաժեշտ է հավասարեցնել մեր դիրքորոշումները արտաքին քաղաքական և անվտանգության հարցերում. դրանք երբեք չեն եղել այդքան հեռու, և դա խնդիր է ԵՄ-ի ու գերազանցապես՝ Թուրքիայի համար»,- Reuters-ի հաղորդմամբ՝ Անկարայում մամուլի ասուլիսին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը:

Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններն ընթանում են 2005-ից, սակայն քաղաքական խոչընդոտները, որոնց թվում՝ Կիպրոսի բաժանված կղզու հարցը, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների բացասական դիրքորոշումը, դանդաղեցրել են բանակցային գործընթացը:

ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ասել է, որ ԵՄ-Թուրքիա բանակցություններին նոր մեկնարկ տալու տեղ դեռ կա:

« Ես բավական դրական եմ տրամադրված բանակցությունների մեկ կամ երկու գլուխ բացելու հարցում հաջորդ նախագահության ընթացքում»,- Anadolu գործակալությունը մեջբերում է Յոհաննես Հանին:

Լատվիան ստանձնում է ԵՄ նախագահությունը 2015թ. հունվարին: Հանը նշել է, որ ԵՄ-ն պետք է առաջընթաց տեսնի նաև Թուրքիայի կողմից:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության դիմում է ներկայացրել 1987թ., բանակցությունները մեկնարկել են 2005թ.: Եվրոպական մեծ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ավարտին հասցնի բանակցությունները, որոնք ունեն 35 գլուխ: Դա ենթադրում է եվրոպական չափորոշիչների և արժեքների ընդունում և մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացում: Մինչև այս պահը բացվել է 14 գլուխ, 17-ը դեռ փակ են:

Թուրքիան իր հերթին կոչ է արել ԵՄ-ին ավելի տեսանելի դարձնել երկխոսությունն Անկարայի և Բրյուսելի միջև՝ Թուրքիայի առաջնորդներին հրավիրելով ԵՄ հանդիպումներին և նրանց ներառելով ԵՄ ընտանեկան լուսանկարներում:

Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ կապերի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի խոսքով՝ Միությունը պետք է գործնական բանաձևեր գտնի Թուրքիայի առաջնորդներին ԵՄ-ի հանդիպումներին հրավիրելու համար:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Բոզքըրը նաև նշել է, որ Անկարան «մտադիր չէ իր բոլոր ջանքերը կենտրոնացնել միայն իր մասին բացասական ընկալումները վերացնելու վրա. քայլերը, որոնք ձեռնարկվելու են մարդու իրավունքների և ազատությունների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ, ինքնըստինքյան կվերացնեն բացասական ընկալումները»:

ԵՄ պատվիրակության այցը Թուրքիա հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Անկարա պետական այցին ԵՄ պատվիրակության այցը Թուրքիա հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Անկարա պետական այցին

Պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

ԵՄ պատվիրակության այցը Թուրքիա հետևել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Անկարա պետական այցին, որի ընթացքում Մոսկվան հայտարարել է «Հարավային հոսք» գազատարի կառուցմանը մասնակցությունից հրաժարվելու իր մտադրության մասին:

Ռուսաստանի նախագահն իր որոշումը բացատրել է եվրոպացի գործընկերների հետ առկա դժվարություններով և դժգոհել է նրանցից։ «Հաշվի առնելով Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, որը չի նպաստում այս նախագծի իրականացմանը, հաշվի առնելով այն, որ մենք ընդամենը վերջերս ենք ստացել Նիդեռլանդների համապատասխան ատյանի որոշումը, ճիշտ է՝ դրական որոշումը, հաշվի առնելով այն, որ մինչ այժմ չկա Բուլղարիայի թույլտվությունը՝ Ռուսաստանն այս պայմաններում չի կարող շարունակել այս նախագծի իրականացումը»,- նշել է նա։ Թուրքիա այցի ընթացքում ՌԴ նախագահը նաև հայտարարել է Անկարայի համար 6%-ով ռուսական գազի գնի իջեցման մասին։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև առևտրաշջանառությանը, ապա Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են դրա ծավալները մինչև 2020թ. հասցնել 100 մլրդ դոլարի: Ավելին՝ 2010թ. մայիսի 12-ին կնքված երկկողմ համաձայնագրով՝ «Աքքույու Էն-Ջի-Էս» ընկերությունը, որը ռուսական պետական «Ռոսատոմ» միջուկային ընկերության Թուրքիայում գործող մասնաճյուղն է, կկառուցի Թուրքիայի առաջին ատոմակայանը: Այսպիսով՝ երկու երկրների տնտեսական հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, ինչը չի կարող մտավախություններ չառաջացնել Բրյուսելում:

Ասուլիսին Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ չի ներքաշվելու պայքարի մեջ՝ հանուն Թուրքիայի հանդեպ վերահսկողություն սահմանելու:

«Լավ կլիներ, եթե ապագայում ստեղծեինք համագործակցության և ոչ թե մրցակցության (Ռուսաստանի հետ) ավելի շատ ոլորտներ, սակայն Թուրքիան, անկասկած, դուրս է այս խաղից, եթե իհարկե այդպիսի խաղ կա»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը:

Փախստականներ և ISIS

Մոգերինին անդրադարձել է նաև Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական օգնության փաթեթին (86 մլն դոլար), որի նպատակն է լուծել Սիրիայից և Իրաքից Թուրքիա ներգաղթած փախստականների հարցերը:

Անկարայում կայացած ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև միջազգային պայքարը ISIS-ի դեմ: Մոգերինին Թուրքիային կոչ է արել օգնել օտարերկրյա մարտիկների ինքնությունը հաստատելու հարցում, որոնք անցնելով Թուրքիայի տարածքով՝ միանում են ISIS խմբավորմանը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել