Ղազախստանի Մեջլիսը վավերացրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը

7107892Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մեջլիսը, դեկտեմբերի 18-ի լիագումար նիստին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության 2014թ․ մայիսի 29-ի պայմանագրին միանալու պայմանագրի վավերացման մասին» օրինագիծը, հաղորդում է «Նովոստի Կազախստան» գործակալությունը։

«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և մեր այդ համագործակցությունը նպաստում է մեր երկրների միջև տնտեսական զարգացմանը։ Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք մեր օրենսդրական շահերի զարգացում ենք նախատեսում»,- ասել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը։

Պայմանագիրը պետք է վավերացնի նաև Ղազախստանի վերին պալատը՝ Սենատը։

Անցյալ շաբաթ հայաստանյան լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը ներառված չէ Ղազախստանի խորհրդարանի նիստերի օրակարգում, և որ այս երկիրը մինչև տարեվերջ չի հասցնի վավերացնել փաստաթուղթը։

Սակայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 14-ին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ իր երկիրը կվավերացնի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը։

Ակնարկ

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման, իսկ դեկտեմբերի 17-ին՝ Դաշնության խորհուրդը։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է վավերացնի նաև Բելառուսը։

Մեկնաբանել