Թբիլիսին դատապարտում է Գյումրիում տեղի ունեցած ցնցող սպանությունը

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան հոգեցունց է անվանել Գյումրիում տեղի ունեցած սպանությունը, հաղորդում է Civil.ge-ն:

«Հոգեցունց էր փաստը, որ տեղի է ունեցել հայկական Գյումրի քաղաքում՝ կապված Ավետիսյանների ընտանիքի հանդեպ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողի անմարդկային, չափազանց ցինիկ գործողությունների հետ, որոնց հետևանքով ընտանիքի վեց անդամ սպանվել է»,- ասել է Վրաստանի փոխարտգործնախարարը:

Ջալագանիան ցավակցել է զոհվածների ընտանիքին ու մտերիմներին, նաև հույս հայտնել, որ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը ողջ կմնա:

Ջալագանիայի խոսքով՝ «հարևան և բարեկամ երկրում տեղի ունեցած ողբերգությունը 21-րդ դարում տեղի ունեցածներից թերևս ամենադաժանն է»:

«Մենք վստահ ենք և ուզում ենք հավատալ, որ արդարությունն ու արդարադատությունը կհաղթեն, և մեղավորը, ինչն արդեն հաստատված փաստ է, կպատժվի համապատասխան կերպով»,- նշել է Դավիթ Ջալագանիան:

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ էր հասցվել ընտանիքի վեց ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով:

Մեկնաբանել