Սերժ Սարգսյանն անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ

9838_bԱյսօր տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

«․․․վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու և դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գնահատականները և դրանց առթիվ կատարված վերլուծություններն առավելապես ունեցել են քաղաքական ուղղվածություն:

Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները և դրանց հետ առնչվող երևույթները քննարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում անձի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերը, ձևավորել ընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները:

Ասվածը բնավ չի նշանակում, որ հասարակության բնականոն գործունեության համար կարևոր մի շարք հարցերի կապակցությամբ պետությունը չի ունեցել որոշակի վերաբերմունք կամ նոր դիրքորոշումներ է ձևավորում:

Մասնավորապես, պետությունը երբեք չի խրախուսել բռնությունների միտված երկիմաստ քարոզչությունը, լավ թե վատ, թեև դա այս պահի խնդիր չէ, փորձել է վերահսկել ֆինանսական միջոցների գոյացման օրինականությունը, ինչ-որ չափով արձագանքել է կասկածելի ֆինանսական ռեսուրսները քաղաքական նպատակներով օգտագործելու երևույթին, պարբերաբար հակազդել է մասնավոր շահերի պաշտպանության համար տեխնիկական և կազմակերպական հնարավորությունների անհամաչափ գործածմանը:

Իհարկե, այս ամենը պետական իրավասու մարմինների ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասն է: Սակայն երբ նման բացասական երևույթները միավորվում և ծառայեցվում են երկրի ազգային անվտանգությանը հակադրվող շահերի սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ: Թե ինչպիսին, կքննարկենք այսօր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«ԱԱԽ նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր մոտեցում երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երևույթները գնահատելու և դրանց վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ: ԱԱԽ անդամները միակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի չեզոքացման միջոցները պետք է համապատասխանեն օրինականության և արդարության չափանիշներին»,- նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

***

Փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Նույն օրը Սարգսյանը հրամանագրով ԱԱԽ կազմից հեռացրել է Գագիկ Ծառուկյանին։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել է Սարգսյանին:

Մեկնաբանել