Թուրքիան մեծ և միջին հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման հարցը թողնում է ապրիլի 24-ից հետո: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը:
Ըստ այդմ՝ մեկ միլիարդ դոլար արժողությամբ համակարգի գնման հարցում Թուրքիան որոշում կկայացնի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին որդեգրած դիրքորոշման համաձայն:
2013թ. հոկտեմբերին հրթիռային համակարգերի մրցույթում հաղթել էր չինական կողմը: ՆԱՏՕ-ն իր մտահոգությունն էր հայտնել թուրք-չինական հնարավոր գործարքի վերաբերյալ՝ ասելով, որ Թուրքիան կկատարի այնպիսի ընտրություն, որը համատեղելի կլինի երկրի դաշնակցային հարաբերությունների հետ: Արևմուտքի ճնշման տակ Թուրքիան սկսեց զուգահեռ բանակցություններ վարել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ, սակայն մեկ տարուց ավել ձգձգում և պայմանագիր չի կնքում հայտամրցույթի մասնակիցներից որևէ մեկի հետ: