Մեծ տերությունները Իրանի հետ քննարկում են պատժամիջոցների վերացումը

UN SCՄեծ տերությունները կարող են վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե համաձայնության գան Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ինչպես նաև Գերմանիայի ներկայացուցիչները Իրանի հետ Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ քննարկում են սկսել, որն ընթանում է բուն միջուկային գործարքի շուրջ բանակցություններին զուգահեռ:

Իրանի դեմ ներկայում գործում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձև, որոնք այդ երկրին արգելում են իրականացնել ուրանի հարստացում և զբաղվել միջուկային գործունեությամբ՝ գնել կամ վաճառել ատոմային տեխնոլոգիաներ և ցանկացած բան, որ կապված է հրթիռների հետ, ինչպես նաև էմբարգո են սահմանում սպառազինությունների ներկրման վրա:

Իրանի իշխանությունները պատժամիջոցների վերացումը համարում են առանցքային, քանի որ դրանք իրավական հիմք են ծառայում ԱՄՆ-ի և Եվրամիության ավելի խիստ պատժամիջոցների համար:

Իրանն ու «Վեցնյակի» երկրները մինչև մարտի վերջ մտադիր են միջուկային գործարքի շուրջ շրջանակային համաձայնություն պատրաստել և բոլոր փաստաթղթերը ստորագրել մինչև հունիսի վերջ: Փաստաթղթերը կնախատեսեն պատժամիջոցների աստիճանական վերացում՝ միջուկային գործունեությունից Իրանի հրաժարման դիմաց:

Մեկնաբանել