Համահայկական խաղերին Սիրիայի պատվիրակության ծախսերը կհոգա կառավարությունը

2 Համահայկական ամառային 5-րդ խաղերի բացման արարողությունը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը կհոգա կառավարությունը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը հուլիսի 2-ի նիստին որոշել է Համահայկական 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով 39.8 մլն դրամ հատկացնել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որը գումարը կտրամադրի «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը:

Նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82-հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար: Պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի «Արարատ» հյուրանոցում:

Համահայկական ամառային 6-րդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 2-13-ը: Հուլիսի 1-ի դրությամբ համահայկական խաղերին ներկայացվել է 35 պետությունների 161 քաղաքներից 5461 մասնակցության հայտ:

***

2011թ. սիրիական հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 200 հազ. մարդ, երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը տեղահանվել է, 3 մլն-ից ավելի մարդ դարձել է փախստական: Բազմաթիվ սիրիահայեր ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում:

2012-2015թթ. Հայաստան է եկել շուրջ 17 000 սիրիահայ, որից շուրջ 4000-ը մեկնել է այլ երկրներ: Ներկայում Հայաստանում տարբեր գնահատականներով մոտ 12 000 սիրիահայ կա, որոնց գերակշիռ մասը բնակվում է Երևանում:

Մեկնաբանել