Նոր նախագիծը սահմանադրորեն ամրագրում է քաղաքական մենաշնորհը. Վարդան Օսկանյան

vartan oskanian photolurՀայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ նախօրեին ներկայացված նոր սահմանադրության նախագիծը սահմանադրորեն ամրագրում է քաղաքական մենաշնորհը:

«Ես շարունակում եմ համոզված մնալ, որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որովհետև գործող հիբրիդային Սահմանադրությունը ճիշտ կիրառության և արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար իդեալական տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կնպաստի Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կերաշխավորի համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:

Անկախ նրանից, թե ում և ինչի համար են արվում սահմանադրական փոփոխությունները, համենայն դեպս խորհրդարանական համակարգի անցնելու ջատագովները առնվազն պետք է ակնկալեին, որ այս փոփոխությունները կմեծացնեին Հայաստանում քաղաքական մենաշնորհը վերացնելու հավանականությունը:

Ցանկացած ժողովրդավարության և պառլամենտարիզմի գրավականը կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունն է: Նոր սահմանադրության նախագիծն իսպառ բացառում է այդ հնարավորությունը և սահմանադրորեն ամրագրում քաղաքական մենաշնորհը:

Սա ինքնին բավարար է, որ մենք ազգովի դեմ լինենք ներկայացված սահմանադրության նախագծին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Օսկանյանը:

Նոր սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 4-րդ հոդվածում նշված է.

«Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է նոր Սահմանադրության նախագծի 1-ից 7-րդ գլուխները: Նախագիծը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի:

Մեկնաբանել