Էլեկտրաէներգիայի թանկացումը կսուբսիդավորվի Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարներից

12071_am_9Էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի լրացուցիչ 6.93 դրամը կփոխհատուցվի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված միջոցներից. այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ օգոստոսի 1-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում:

«Եթե հիշում եք, հանրապետության նախագահը հայտարարեց, նաև կառավարությունն է այդ մասին ասել, որ մինչև աուդիտի ավարտը գործադիրն այդ ծախսը վերցնելու է իր վրա: Դա կլինի արտաբյուջեի հաշվին, Որոտանի օտարման գումարներից»,- Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և ամբողջ Հայաստանում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը, սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի: Մինչև օգոստոսի 1-ը կառավարությունը չէր հստակեցրել, թե ինչ միջոցների հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը: «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը վաճառվել է ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը:

Մեկնաբանել