Հրապարակվել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագիծը

news_3696798236831_constitution2.jpg1_2ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը արդարադատության նախարարության կայքում օգոստոսի 4-ին հրապարակել է Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը հանրային քննարկումների համար:

Ավելի վաղ` հուլիսի 15-ին, հրապարակվել էր Սահմանդարության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: Դրանցում առաջարկվող փոփոխությունների ընդունվելու դեպքում Հայաստանը կիսանախագահականից դառնալու է խորհրդարանական հանրապետություն, որտեղ ժողովրդի ներկայացուցչական մարմինը Ազգային ժողովն է: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ, ընդունելու է պետական բյուջեն և իրականացնելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից [հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի խոսքով` տեսականորեն ամենամեծ թիվը կարող է լինել 198, գործնականում այդ թիվը լինելու է առնվազն 120-ից մինչև 130-ի շրջանակում], որոնք ընտրվելու են համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, անց է կացվում քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

ՀՀ նախագահն ընտրվելու է յոթ տարի պաշտոնավարման ժամկետով: Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

ՀՀ նախագահն ընտրվելու է ընտրիչների ժողովի կողմից: Ընտրիչների ժողովը կազմված է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

Պետության ներքին և արտաքին քաղաքականությունը իր ծրագրի հիման վրա մշակելու և իրականացնելու է գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ կառավարությունը: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լինելու է վարչապետը:

Հուլիսի 31-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր նախնական գնահատականը: Եզրակացությունում հանձնաժողովը ընդգծել էր այն կետերը, որոնք պետք է փոփոխվեն: Հանձնաժողովը նշել էր, որ ընտրական համակարգը մանրամասն չպետք է սահմանվի Սահմանադրության մեջ: Նշվել էր, որ «առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը պետք է հանվի»: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը օգոստոսի 3-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իրենք չեն հրաժարվելու այս դրույթից և այդ հարցով քննարկումներ են ծավալելու Վենետիկի հանձնաժողովի հետ:

Մեկնաբանել