Մաքուր հայկական «վակխանալիա»

serzh sargsyan galust sahakyan ishkhan zakaryanՀոգևոր աշխարհում գոյություն ունեն աթոռներ՝ Կաթողիկոս, Պատրիարք, Պապ, Դալայ Լամա (գուրու), Իմամ, Գերագույն Րաբբի, Քենթրբերիի արքեպիսկոս և այլն։ Իրենց իդեալական վիճակում այս աթոռները հայրության «աստվածային» պարտքի արտահայտություններ են ժողովրդի կամ համայնքի հանդեպ։ Հոր համար առավել սիրելիներ չկան։ Հայրը իր գոյության մասին մտածում է հանուն ուրիշի։ Նշանակում է, նրա հարմարավետությունը ուրիշի համրարավետությունն է։ Այս ամբողջի մեջ, եթե մեկը դառնում է Որդի, ապա՝ «զոհաբերության» ամբողջ առաքելությամբ։ Որովհետև Հոր ընկալումը Մարդու պատմության մեջ ամենաերկար ճանապարհ անցած ընկալումն է, մինչև այն կարողացել է ձևակերպել Որդուն։

Պետություններում այսպիսի «աթոռներ» են կայսրը, թագավորը, թագուհին, նախագահը։ Այս մարդիկ, ըստ էության էլիտա են, որոնց աչքի և մտքի տարածությունը վերևից է, ոչ թե կողքից։ Նշանակում է, պետք է օժտված լինեն մի հայացքով, որից ոչ մեկը դուրս չի մնում։ Հայտնի բան է, որ հոգևոր և աշխարհիկ լիդերի կարգավիճակ ունեցող բոլոր երկրներում էլ կան սովածներ և հիվանդներ, չմխիթարվածներ և ընկածներ, «այրիներ և որբեր»։ Ինչու՞։ Որովհետև Գահակալի աթոռի մոտ հավաքվածներն ի վերջո փակում են Նրա տեսադաշտը։ Առաջին փակողներն ի վերջո որոշել են պատմության ընթացքը։ Նրանք Գահակալին դարձրել են կախյալ։ Հաջորդ Գահակալներն արդեն Աթոռին տիրելու «ողորմածությունը» մուրացել են սրանցից։ Հենց մարդու հայացքը վերածվում է տեսանկյան, երկինքը փլվում է։ Հետևաբար, առաջին բանը, որ կորցնում է Գահակալը, «երկինքն» է, այսինքն, հայացքի տեսադաշտը։ Առաջնորդների պատմությունը տեսադաշտից մինչև տեսանկյան պատմություն է։ Քաղաքականության մեջ նախընտրական ծրագիրը նրանց տեսադաշտն է, գահակալությունը,- շուտով մենք դա Հայաստանի օրինակով կտեսնենք,- տեսանկյունը։ Արվեստում առաջնորդը, այսինքն, երկնքից նայողը, հեղինակն է, նա տեսանկյուն չունի։ Սակայն, դիցուք, երբ օպերան մտնում է նվագախումբ, տեսանկյան «տերը» դառնում է նվագավարը, որը նվագախմբի հետ գրեթե նույն հարթության մեջ է։ Բայց, որպեսզի Նվագավարը չդառնա բռնապետ, այսինքն, չխեղի մտահղացումը, հեղինակը սահմանում է խաղի կանոններ։ Խաղի կանոնները նվագախմբում և, ասենք, թատրոնում, հստակեցված են։ Յուրաքանչյուրը գիտի իր «հայտնության» ժամը։ Ոչ ոք մյուսի հաշվին չի ապրում։ Առաջին ջութակն առաջին ջութակն է։ Նշանակում է, հոգևոր առաջնորդը ինքն իրենով ամբողջը չէ, եթե նա խաղի կանոններ չի սահմանել։

Ի՞նչ է կատարվում, սակայն, Հայաստանում։ Մենք ունենք Կաթողիկոս։ Սա հասկանալի է։ Նա տեսադաշտ ունեցող մարդ է, որի հենման կետը տեսականորեն «երկինքն» է։ Սակայն մեր Կաթողիկոսն ունի եղբայր՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։ Այս փաստի առջև փլվում է ոչ միայն «երկինքը», այլև՝ տեսադաշտը։ Կաթողիկոսը մտածել է եղբոր բարեկեցության մասին։ Նշանակում է կա մեկը, որը մյուսներից առավել է, նշանակում է ապրում ես այդ մեկի համար։ Նշանակում է, «որդին», որպիսին ժողովուրդն է, այդքան էլ լայն հասկացություն չէ, նա դառնում է հոտ, որը հովվի կերակուրն է։ Մենք ունենք նախագահ՝ գոնե ի պաշտոնե։ Ի սկզբանէ այս մարդը տեսադաշտ չի ունեցել, թեպետ աշխատել է անվտանգության ռուսական ծառայություններում, այսօր էլ այդ ծառայությունների ներկայացուցիչն է Հայաստանում և նրա ինֆորմացիայի հորիզոնը մեծ է։ Նրա եղբայրներից մեկը երկար տարիներ դեսպան էր Արևելքում, հիմա էլ իրեն վատ չի զգում՝ մի հսկա շենք ունի Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց, ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի հենց հարևանությամբ, և աստվածաբանություն է դասավանդում ԵՊՀ-ում, մյուսը հռչակավոր 50/50-ի «ճարտարապետն» է, փեսան՝ Վատիկանում Հայաստանի դեսպանը։ Բարով վայելեն։ Սակայն երբ դու քո եղբոր «պահակը» չես, դա մյուսների մահն է։ Ամբողջ պետությունը դառնում է այս հարազատական «վակխանալիայի» գերին։ Այս «վակխանալիան» ի վերջո «ծնում» է Հովիկ Աբրահամյանի որդուն, որն Արտաշատի քաղաքապետն է, Գագիկ Հարությունյանի եղբորը՝ ԱԱԾ տեղակալի, և քրոջը՝ սոցապնախարարի, պաշտոններում, Գագիկ Ծառուկյանի փեսային, որը Կոտայքի մարզպետն է, խնամուն, որն ԱԺ պատգամավոր է, հենց Հովիկ Աբրահամյանին, որը ՀՀ վարչապետն է։ Տեսնու՞մ եք՝ ոչ մի պետություն։ Եվ թող առաջինն ինձ վրա քարը շպրտի նա, ով այսպիսի պետություն է երազել Հայաստանի Հանրապետություն ասելով։ Այս «վակխանալիան» մեր հոգևոր և աշխարհիկ իշխանության ամբողջ «հմայքն» է։ Սակայն խաղի կանոնները մի վերջին շտրիխ էլ են սահմանել պետական կառավարման մեջ՝ անկախ հանձնաժողովները, որպեսզի վերևների «տեսանկյունը» վերջնականապես չխեղդի պետությունը։ Դրանք հանձնաժողովներն են կամ անկախ մարմինները։ Դիցուք ՀՌԱՀ-ը, որը եթերազրկեց Ա1+-ը, և մտադրություն էլ չունի վերադարձնելու եթեր, ՀԾԿՀ-ն, որը էլէներգիայի թանկացման Բիբինի մի փռշտոցի կատարածուն է, ՄԻՊ-ը, որի գոյությունն այդպես էլ չի ուրվագծվում, Վերահսկիչ պալատը, որի նախագահն օրը ցերեկով ասում է, թե իր շքեղ պալատները կառուցել է արտասահմանյան բարեկամների նվիրատվությամբ։ Սա Հայաստանն է, ընկերներ, որի վերջին «առաքինությունը»՝ «թանգարան բաց երկնքի տակ», ընդամենը կծծի մրցակցություն գերեզմանների և էլիտար շենքերի առատության միջև։

Մեկնաբանել