2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, իր փիլիսոփայությամբ հիշեցնում է 1997թ. փուլային առաջարկը:
Այսօր էլ Հայաստանի ղեկավարությունը համաձայն է ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների մասին այդ փաստաթղթի հետ (գոնե հրապարակավ հայտարարում է), որը ենթադրում է հետևյալ քայլերը ըստ հերթականության:
- հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից (ավելի քան 4 հազ. քառ. կմ):
- Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
- Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցկացվում է քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը:
- Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:
Ահա սրանք են Կազանյան փաստաթղթի առանցքային կետերը: Սրանից բացի կան մի շարք այլ կետեր և մանրամասներ, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ, մասնավորապես.
- ինչպե՞ս են շաղկապվելու Քարվաճառի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի՝ քվեարկության ժամկետները,
- միջանկյալ կարգավիճակից հետո Քարվաճառը ե՞րբ է անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ,
- ե՞րբ են վերադարձվելու Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասերը,
- ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու Լաչինի միջանցքը,
- Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի քվեարկությանը ովքե՞ր իրավունք ունեն մասնակցելու և ի՞նչ համամասնությամբ:
Կազանի փաստաթուղթը մերժել է Ադրբեջանը՝ ներկայացնելով մոտ մեկ տասնյակ փոփոխություններ:
Կազանի փաստաթուղթն իր փիլիսոփայությամբ շատ մոտ է 1997թ. փուլային տարբերակին, որին, բազմաթիվ վերապահումներով, Հայաստանի առաջին նախագահը իր համաձայնությունն էր տվել, սակայն իշխանության ուժային թևը՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:
Սերժ Սարգսյանը ևս դեմ էր փուլային լուծմանը, որին վերադառնում է 20 տարի անց:
Այնուամենայնիվ, Կազանի փաստաթուղթը փուլայինից ունի մեկ առավելություն՝ խոստացված հանրաքվեն կամ քվերակությունը: Ադրբեջանը դեմ չէ որևէ քվեարկության, սակայն մերժում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել անկախ: