Լինչի նախաձեռնություն՝ ուղղված իմ հայ ինքնության դեմ. Գարո Փայլանը՝ իր վրա հարձակման մասին

Garo PaylanՄայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում անձեռնմխելիության քննարկումների ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մամուլի հաղորդագրություն է տարածել։ Փայլանի համոզմամբ՝ տեղի ունեցած հարձակումները նախապես ծրագրված են եղել և ուղղված են եղել իր դեմ՝ իր հայկական ինքնության պատճառով։ Անդրադառնալով այս միջադեպին թուրքական լրատվամիջոցների լուսաբանմանը՝ Փայլանը նշել է, որ լրատվամիջոցները միտումնավեր խեղաթյուրում են իրականությունը։ Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի կայքում հրապարակված իր հաղորդագրության մեջ Գարո Փայլանը դատապարտել է իր հայ ինքնության դեմ հարձակումները։ Փայլանի հայտարարությունը՝ ստորև:

«Մամլո մշակների և հասարակության ուշադրությանը:

Հանձնաժողովում տեղի ունեցած հարձակումը պլանավորված լինչի նախաձեռնություն է։

2016թ․ մայիսի 2-ին Սահմանադրական հանձնաժողովի՝ պատգամավորների անձեռնմխելիության անվավեր ճանաչման մասին սահմանադրական փոփոխության առաջարկի քննարկման ժամանակ տեղի ունեցած բանավեճն ու ծեծկռտուքը նախապես պլանավորված, ծրագրված լինչի նախաձեռնություն է։

Այսօր լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ ես եմ «կրակին յուղ լցրել» և «հրահրել»՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորներին ներկայացնելով որպես տեղի ունեցած ֆիզիկական բռնության պատճառ և հրապարակավ խեղաթյուրելով իրականությունը։

Իրականում, նախորդ ծեծկռտուքի հետ կապված արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի՝ «պատգամավորի խորհրդականներն այս բռնության մասն են կազմել» նախադասությանն ի պատասխան ասել եմ՝ «Ո՛չ, մասը չեն կազմել»։ Որևէ հրահրում չի եղել։ Սա տեսնում ենք նաև զեկույցներում։

Այնուհետև, ինչպես ակնհայտ երևում է տեսագրության մեջ, ԱԶԿ (AKP) Ստամբուլի պատգամավոր Մեհմեդ Մեթիները հարձակվել է ինձ վրա, որից հետո ծեծկռտուք է սկսել, և ծրագրված լինչ է իրականացվել։

Ֆիզիկական հարձակումը շարունակաբար մեծ չափերի է հասել։ Հարձակման ընթացքում ԱԶԿ պատգամավորները ինձ են մատնացույց արել՝ հնչեցնելով «Եկե՛ք, Գարոն այստեղ է» կոչերը, և շեշտելով իմ հայ լինելը՝ ատելության խոսք պարունակող նախադասություններ են հնչեցրել իմ հասցեին։

Նախորդ շաբաթվանից ի վեր Ժողովուրդների դողովրդավարական կուսկացության պատգամավորների դեմ հարձակումները շարունակվում են։ Այս ամենի հետ մեկտեղ, հայ լինելուս համար ԱԶԿ պատգամավորների կողմից իմ անձին ուղղված ատելության խոսքերով նախադասություններ են հնչեցվել։

Այս իրավիճակը ապացուցում է, որ հարձակումները ԱԶԿ պատգամավորների կողմից նախապես ծրագրված լինչի նախաձեռնություններ են և ուղղված են իմ անձի, ինքնության դեմ։

Դատապարտու՛մ եմ իմ անձին, ինքնությանն ուղղված ատելության խոսքը և ատելության հանցանքը։

Եկեք չմոռանանք, որ ֆաշիստները վախկոտ են, և հարձակվում են միայն խմբակային և նենգ ձևով»։

Մեկնաբանել