«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Օգոստոսի 18-ին Խանդոյանը հայտարարություն է տարածել իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով, որում նշում է, որ արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը և Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իր լիազորագիրը, որի միջոցով իր վստահված անձը պետք է կազմակերպի իր թեկնածության առաջադրումը։
Առաջադրման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին։
«Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են ևս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:
Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:
Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ, Ժողովրդավար Հայաստանը»,- ասված է Արայիկ Խանդոյանի հայտարարության մեջ:
«Սասնա ծռեր» խմբի անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելը և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը և փոխադրելը։