Խելամիտ փոխզիջում հնարավոր է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ռուսաստանյան «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին։ Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր է փոխզիջում․ ԼՂ-ն ապագայում, պայմանավորվածության դեպքում կարող է լինել ինքնավար հանրապետություն։ Նա նաև խոսել է Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինությունների և Եվրասիական տնտեսական միությանն իր երկրի միանալու հեռանկարի մասին։

«Խելամիտ փոխզիջում հնարավոր է․ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսագործունեության, ինքնավարության, Ադրբեջանի կողմից զանազան ներդրումային նախագծերի ապահովում, ինչպես նաև երկու ժողովուրդների խաղաղ համագոյակցություն՝ ԼՂ ինքնավար մարզից դուրս տարածքների ազատագրման պայմանով՝ ահա այսպես ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- փոխզիջման հնարավորության և դրա նախապայմանների մասին հարցին պատասխանել է Ալիևը։ Նա հերթական անգամ վերահաստատել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերում «չի կարող փոխզիջում լինել»։

«Մենք երբեք չենք համաձայնի Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրել,- ասել է Ադրբեջանի նախագահը։- Սակայն կարող է լինել փոխզիջում տեղական ինքնակառավարման հարցերում․ ապագայում, եթե պայմանավորվենք, այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»։

«Իրական բանակցություններ» սկսելու ժամանակացույցի կամ որևիցե ճանապարհային քարտեզի մասին հարցադրմանն ի պատասխան՝ Ալիևն ասել է, որ դա «իրենցից կախված չէ. բանակցությունները Հայաստանն է արգելակում»։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, թե դեռ չի եկել հակամարտության լուծման ժամանակը, Ալիևն այն «դիվանագիտական կազուս» է անվանել և հենց դրանում տեսել հակամարտության չլուծված լինելու պատճառը։

Ալիևի համոզմամբ՝ դրանով պետքարտուղարը «ազդակ է հղում Հայաստանին», որ կարող է ձգձգել հակամարտությունը նույնքան երկար, որքան տևում է պաղեստինա-իսրայելականը։

Ադրբեջանական բանակի այսօրվա սպառազինությունը հիմնականում ռուսական է

Ռուսաստանից բացի այլ երկրներից նույնպես զենք գնելու Ադրբեջանի մտադրության մասին հարցին Ալիևը պատասխանել է․ «Մենք զենք ենք գնում, Ռուսաստանից բացի, Թուրքիայից, Իրանից, Բելառուսից, Իսրայելից և այլ երկրներից, և բավական լուրջ։ Մտադիր ենք զենք գնել նաև Պակիստանից՝ հաշվի առնելով այդ երկրի զարգացած ռազմական արդյունաբերությունն ու մեզ համար բարեկամ պետություն լինելը։

Սակայն մեր գլխավոր գործընկերն այդ գործում Ռուսաստանն է։ Ռուսաստանի հետ կնքվել են, եթե չեմ սխալվում, մոտ հինգ մլրդ դոլարի գործարքներ, որոնց մեծ մասն արդեն իրագործվել է։ Այսինքն ադրբեջանական բանակի այսօրվա սպառազինությունը հիմնականում ռուսական է։ Մենք գոհ ենք այդ համագործակցությունից և հանդիսանում ենք ռուսական զենքի լուրջ գնորդներից մեկը, խոշորներից մեկը, եթե ըստ երկրների նայենք։ Իսկ այն, որ զենք ենք գնում նաև այլ տեղերից, երևի բնական է»,- նշել է Իլհամ Ալիևը։

ԵՏՄ-ին միանալը չի բացառվում

Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության հեռանկարի մասին Իլհամ Ալիևն ասել է, որ ինտեգրման ճանապարհով գնալու համար «անհրաժեշտ է մոտիվացիա», որը կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական կամ ցանկացած այլ տեսակի, և «Ադրբեջանն այժմ այդ ուղղությամբ է աշխատում»։

«ԵՏՄ երկրներից Ադրբեջանի համար առաջնահերթ գործընկեր է Ռուսաստանը, որի հետ Ադրբեջանը ոչ քաղաքական, ոչ սոցիալ-տնտեսական առումով խնդիր չունի»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Բաքուն հետևում է եվրասիական տարածքում ընթացող գործընթացներին, որտեղ, նրա պնդմամբ, «ամեն ինչ հարթ չէ․ կան բարդություններ և որոշակի առարկություններ»։

«Այնպես որ, ոչինչ պետք չէ բացառել․ ներկայիս փուլը ես հենց այդպես կբնութագրեի»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել