Արամ Ա-ն և Հռոմի պապը համաձայնել են, որ լինի Զատկի տոնի միացյալ օր

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում համաձայնել են, որ երկու եկեղեցիները պետք է Զատկի տոնը նշելու միացյալ թվական որոշեն։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Արամ Ա կաթողիկոսին ընդունել է նոյեմբերի 11-ին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Պապին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հրապարակային ելույթների համար, որտեղ պապը այն նշել էր որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Միջին Արևելքի եկեղեցիներին նրա աջակցության համար։ Պապը կարևորել է քրիստոնյա-իսլամ երկխոսությունը, Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների պահպանումն ու հզորացումը և Վատիկանի զորակցությունը։

Երկու եկեղեցիների առաջնորդներն անդրադարձել են նաև աստվածաբանական երկխոսությանը։ Ֆրանցիսկոս պապը տեսակետ է հայտնել, որ իրենց հանդիպումների օրակարգի մաս պետք է լինեն նաև «ընկերաբարոյական խնդիրները»։ Եկեղեցիների միջև միության ամրապնդման հրամայականին անդրադառնալով՝ Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է Հռոմի պապին Զատկի տոնի համար միացյալ թվական ճշտելու անհրաժեշտությունը՝ որպես շոշափելի արտահայտություն քրիստոնեական միության։ Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է այդ ուղղությամբ անցյալում կատարած իր աշխատանքի մասին՝ որպես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ատենապետ։

Հռոմի պապը իր հերթին նշել է, որ վերջին տասնամյակներին Կաթոլիկ եկեղեցին բազմիցս շեշտել է այդ գաղափարը և համաձայն է, որ Զատկի տոնը նշելու միացյալ թվական լինի։

Մեկնաբանել