ԱՄՆ-ը միանում է Հայաստանում ընտրական նոր մեխանիզմների ֆինանսավորմանը

Միացյալ Նահանգները ֆինանսական օժանդակություն կցուցաբերի 2017թ․ գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների ապահովման համար․ այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները»,- նշում է դեսպանությունը:

ԱՄՆ դեսպանությունը հավելում է, որ լրջությամբ է ընդունում ՀՀ կառավարության հանձնառությունն առ այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններն «անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»:

«Վստահարժան ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հրապարակավ հնչեցված այս խոստումն իրականություն դարձնելու հարցում օգնելու նպատակով Միացյալ Նահանգները միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն հունիսի 17-ի և սեպտեմբերի 9-ի համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար, որպեսզի այս գործընթացներն ու սարքավորումները 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված լինեն: ԱՄՆ դեսպանատունը միջազգային դոնորների հետ միասին, որոնք բոլորն աշխատում են Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի հետ համատեղ, կօգնի ֆինանսավորել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով, ինչպես սահմանվել է հունիսի և սեպտեմբերի համաձայնություններով»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ դեսպանությունը միաժամանակ նշում է, որ «ընտրական մեկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարավոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին»:

«Սա քաղաքական կամքի հարց է: […] Ազատ ու արդարացի ընտրությունները նաև պահանջում են պատասխանատու քաղաքացիական մասնակցություն ընտրական գործընթացում, ինչպես նաև ընտրությունների աչալուրջ դիտարկում Հայաստանի ընդդիմության, քաղաքացիական հասարակության և բոլոր քաղաքացիների կողմից՝ անկախ քաղաքական հայացքներից»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել