Դեմիրթաշը բանտում կտտանքների է ենթարկվում․ HDP պատգամավոր

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը բանտում հրապարակայնորեն կտտանքների է ենթարկվում․ Hurriyet Daily News-ը վկայակոչում է HDP-պատգամավորներից մեկին։

«Սեգրեգացիան [առանձնացում – ՍիվիլՆեթ] կտտանքի ձև է, և մեր օրենսդիրներն ու համանախագահները հրապարակային կտտանքի են ենթարկվում»,- ասել է HDP-ի պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը՝ նկատելով, որ անօրինականություն է տիրում։

HDP-ի ինը պատգամավորներ, այդ թվում՝ երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել էին նոյեմբերի 4-ին Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։

«Փաստը, որ Թուրքիայի երրորդ խոշորագույն կուսակցության համանախագահը խոշտանգումների և սահմանափակումների է ենթարկվում, Թուրքիայի համար շահեկան չէ. նա պետք է որքան հնարավոր է արագ ուղղի իր սխալը»,- ասել է օրենսդիրը։

Ազատազրկումից հետո Դեմիրթաշը խնդրել է իրեն տեղավորել իր կուսակից Աբդուլլահ Զեյդանի հետ նույն բանտախցում, սակայն նրա այդ խնդրանքը մերժվել է։ Մերալ Դանըշ Բեշթաշի համոզմամբ՝ վերոհիշյալ խնդրանքի մերժումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին։

Դեմիրթաշի կուսակիցը նաև պատմել է, որ սահմանափակվում է նրա կողմից ուղարկվող նամակների թիվը։ Բեշթաշի խոսքով՝ երկու շաբաթ ուշացումով է փոխանցվել Դեմիրթաշի կուսակցական հավաքի համար նախատեսված ելույթը, իսկ եվրոպացի խորհրդարանականներին ուղղված նամակները ընդհանրապես չեն փոխանցվել։

Մեկնաբանել