Շատ վտանգավոր սահմանագծի վրա էինք․ Կվիրիկաշվիլին՝ Բաթումիի դեպքերի մասին

Բաթումիում մարտի 11-ի երեկոյան տեղի ունեցած բախումներից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Աջարիա՝ տեղի իշխանությունների հետ իրավիճակը քննարկելու և տեղացիների հետ հանդիպելու նպատակով։ Նրան ուղեկցում էին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, տարածաշրջանային և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեն։ Այցի ընթացքում Կվիրիկաշվիլին տեսակցել է անկարգությունների արդյունքում տուժած և հիվանդանոց տեղափոխված անձանց։

Ինչպես հաղորդում է Agenda վրացական կայքը, Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել աջարական ոստիկանությանը և ասել, որ շաբաթ օրը շատ վտանգավոր սահմանագծի վրա էին, սակայն «կիրառել են այնքան ուժ, որքան անհրաժեշտ էր կայունությունը պահպանելու համար»։

Կվիրիկաշվիլին խոստացել է, որ կառավարությունը կփոխհատուցի գույքային վնասները՝ շեշտելով, որ բոլոր պատասխանատուները կհայտնաբերվեն և կպատժվեն։

Կիրակի օրը Կվիրիկաշվիլին հանդես է եկել ուղերձով, որում ապակառուցողական քաղաքական ուժերին մեղադրել է «իրավիճակը սրելու նպատակով ամենօրյա միջադեպն օգտագործելու մեջ»։

«Ցավոք սրտի, այդ ապակառուցողական ուժերը չեն վարանում ցնցել պետության կայունության հիմքերը, իրականացնել վանդալիզմ և բռնություն պետական կառույցների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք մեր հանձնարարականներով նվազագույն կերպով են արձագանքել զարգացումներին՝ իրավիճակի վատթարացումից խուսափելու համար»,- ուղերձում նշել է Վրաստանի վարչապետը։

Մարտի 11-ի ուշ երեկոյան Վրաստանի կազմի մեջ մտնող Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում տեղի էին ունեցել բախումներ քաղաքացիների և ոստիկանների միջև, որոնց արդյունքում, Աջարիայի առողջապահության նախարարի տվյալներով, 33 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 15-ը՝ ոստիկան։ Բախումների պատճառ է դարձել այն, որ ոստիկանները փորձել են տուգանել Բաթումիի կենտրոնում ապօրինի կայանում թույլ տված մի քաղաքացու։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջինս լեզվակռվի է բռնվել ոստիկանների հետ և հրաժարվել է ենթարկվել։ Ըստ ականատեսների՝ մի խումբ քաղաքացիներ աջակցել են վարորդին, ինչի արդյունքում վեց հոգի իրավապահներին չենթարկվելու համար բերման է ենթարկվել։

Քաղաքացիների բերման ենթարկումը դժգոհություն է առաջացրել Բաթումիի բնակիչների շրջանում և հանգեցրել բողոքի ակցիայի քաղաքի ոստիկանության շենքի մոտ։ Պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին՝ ցուցարարները շրջել և հրդեհել են ոստիկանական մեքենաներ։ Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Հաղորդվում է, որ գազը կիրառվել է մեկ ժամվա ընթացքում մի քանի անգամ, մինչ ցուցարարները շարունակել են քարեր նետել ոստիկանության շենքի վրա։

Կիրակի առավոտյան Բաթումի է մեկնել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին։ Նա հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է․ 40 մարդ ձերբակալվել է վանդալական գործողություններ իրականացնելու համար։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել