Խաղաղ հավաքներ Հայաստանում․ մոնիթորինգի շուրջ

2016-ի հուլիսի 1-ից մինչև 2017-ի հունիսի 30-ը ընկած ժամանակում Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցկացված 109 հավաքից 14-ը եղել է քաղաքական,, 40-ը՝ գործերի արդար քննության պահանջով։ Տվյալները հրապարակել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ «Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ» զեկույցում։

Կոմիտեն ուսումնասիրել է 109 հավաք՝ 102-ը Երևանում, 4-ը` Վանաձորում և 3-ը` Գյումրիում: Երևանում անցկացված հավաքներից 39-ը եղել է Ազատության հրապարակում, 22-ը՝ կառավարության շենքի մոտ, նախագահի նստավայրի մոտ անցկացվել է 1 հավաք։

Դիտարկված հավաքների 65%-ը եղել է չիրազեկված, որոնց զգալի մասը՝ 47 հավաք, ունեցել է մինչև 100 մասնակից։ Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի՝ նման հավաքների դեպքում իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ:

Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է` հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:

Նշված մեկ տարվա ընթացքում Կառավարության նստավայրի առջև պարբերաբար հավաքներ են անցկացրել ընդհանուր սոցիալական կամ իրավական շահեր ունեցող քաղաքացիների տարբեր խմբեր՝ պահանջելով բարելավել հարկային դաշտը, բարձրացրել են աշխատանքի և սոցիալական վիճակի հետ կապված հարցեր և այլն:

Հավաքները հիմնականում կազմակերպվել են քաղաքացիական և քաղաքական նախաձեռնությունների, անհատների կողմից։

Դիտարկված հավաքների մեծ մասի մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը, իսկ հավաքներից ամենաբազմամարդը եղել են 2016 թ. հուլիսի 25-26-ին տեղի ունեցած երթերը՝ մինչև 9 000 մասնակիցներով:

Ոստիկաններ ներկա չեն եղել դիտարկված հավաքներից միայն 4-ում: Բազմաթիվ խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ, իսկ դիտարկված հավաքներից 3-ի դեպքում անգամ գերազանցել է մասնակիցների թիվը:

Հավաքների ազատության մասին օրենքում նշված է՝

Ոստիկանությունը

պարտավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին,
պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին,
պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն,
պարտավոր է ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

Հուլիսի 17-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հավաքների վայրերում մշտապես ներկա են գտնվել հարյուրավոր ոստիկաններ (հուլիսի 27-ին Խորենացու փողոցի արգելափակված հատվածում՝ առնվազն 600 ոստիկան)։ 2017 թ․ փետրվար ամսին՝ ի պաշտպանություն կալանավորված Արթուր Սարգսյանի կազմակերպված հավաքների ընթացքում հավաքի վայրում ներկա գտնվող և երթը ուղեկցող ոստիկանների թիվը եղել է անհամաչափ մեծ՝ հավաքների և երթերի մասնակիցների թվի համեմատ, իսկ փետրվարի 27-ից մինչև մարտի 6-ը անցկացված նստացույցի որոշ օրերին, ինչպես նաև մարտի 16-ին և 20-ին՝ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ անցկացվող հավաքների ընթացքում ոստիկանների թիվը գերազանցել է հավաքի մասնակիցների թվից։ Դիտարկված հավաքներից առնվազն 15-ի ընթացքում հավաքի վայրում ներկա են եղել առանց համազգեստի ոստիկաններ5, որոնք հուլիսի 29-ին մասնակցել են ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու գործողություններին:

Ի դեպ, Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել