Կառավարությունը ՌԴ-ի հետ գաղտնի բանակցություններ է վարել գազի վերաբերյալ․ Էդմոն Մարուքյան

Հոկտեմբերի 24-ին Երևանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր անդրադարձավ ՌԴ վարչապետի հայտարարությանը՝ կառավարությանը հիշեցնելով գազային համաձայնագրի մասին:

«2013թ․ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական խայտառակ համաձայնագիրը, որով մենք մեր ունեցած 20 տոկոս բաժնեմասը տվեցինք «ՀայՌուսգազարդ»-ին ու նաև պատավորվեցինք, որ 30 տարով չենք ընդունելու որևէ օրենք, որոշում, ընդհանրապես որևէ իրավական ակտ, որը կառնչվի «ՀայՌուսգազարդ»-ի համար սահմանված 20 տոկոս շահութահարկի դրույքաչափին կամ ընդհանրապես որևէ հարկային ռեժիմ փոխենք կամ հայց հարուցենք նրանց դեմ, եթե որևէ վնաս պատճառեն Հայաստանին»։

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ համաձայնագրի կնքումից հետո նույն խորհրդարանից որոշ պաշտոնյաներ հայտարարեցին, որ «այս զիջման դիմաց Ռուսաստանը չի թանկացնի գազը»։ Այնուհետև Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը, ու նորից նույն հայտարարությունները եղան, սակայն Մեդվեդևի հայտարարությունն, ըստ պատգամավորի, բացահայտեց որոշ հանգամանքներ։

«Մեկ էլ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Երևանում հայտարարում է, որ «մենք նման համաձայնության ենք հասել առ այն, որ գազը չի թանկանա այս տարի, այն դեպքում, երբ նախապես այլ նորմեր էին պլանավորվել գազի հետ կապված», ու բոլորը շատ ուրախացան։ Հիմա ուզում եմ հասկանամ՝ այս ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել, որոնց մասին մենք չգիտենք»,- հարցադրում արեց պատգամավորը։

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց հարցին՝ նշելով․ «Այժմ մենք գազ ենք գնում 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է։ Այդ գինը սահմանված է ու սահմանվում է որևէ ժամանակի համար, մենք երբևէ տասնամյակով գազի գին չենք սահմանել, քանի որ ռուսական կողմը որևէ մեկի հետ շատ երկարատև պայմանագրեր չի կնքում, մեզ հետ պայմանագիրը կնքված է մինչև 2018թ․ և հիմա երկարում է ևս մեկ տարով։ Հիմա ընդամենը ֆիքսում է, որ գազի բարձրացում տեղի չի ունեցել, այդ գինը շարունակում է գործել նաև մյուս տարի, բարձրացման վերաբերյալ որևէ պայմանագիր կամ համաձայնություն չկա»։

Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորեց քաղաքացիներին իրականությունը ներկայացնել։ Նա շեշտեց, որ սահմանին գազը վաճառվում է մի գնով, իսկ բաժանորդներին՝ մեկ այլ՝ ավելի բարձր։

«Ես ինչու ցիտեցի այդ համաձայնագիրը․ մենք 30 տարով պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, միակողմանիորեն պարտավորություններ ենք ստացել, խորհրդարանի ապագա սերունդների ռեժիմն ու գործողությունը սահմանափակել ենք։ Այն ժամանակ ասվում էր, որ դրա հետ գազը չի թանկանա ու չէր ասվում, որ դա 4-5 տարով է, հիմա է բացահայտվում, որ 2018 թվականն է եղել։ Փաստորեն 2018-ից հետո հնարավոր է գազը թանկանա Հայաստանում»,- շեշտեց նա։

Վաչե Գաբրիելյանը խուսափեց պատասխանելուց՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում քննարկել վավերացված պայմանագիրը։

Մեկնաբանել