Սերժ Սարգսյանը Բրյուսելում խոսել է Իլհամ Ալիևի «անհիմն մեղադրանքների» մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին, մեղադրել է Ադրբեջանի նախագահին «Հայաստանի հասցեին հերթական անգամ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու մեջ»։

«Պարո՛ն նախագահող, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույնն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է:

Ցանկանում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով:

«1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

***

ՀՀ նախագահի այսօրվա հռետորաբանությունը բավական տարբերվում է մեկ ամիս առաջ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո արած նրա հայտարարության հռետորաբանությունից։

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:

Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել էր ՀՀ նախագահը Ալիևի հետ հանդիպումից հետո։

Սերժ Սարգսյանի այս խոսքերից հետո Բաքուն նրան մեղադրել էր հանդիպման մանրամասներ չհրապարակելու «պայմանավորվածությունն ու խոստումը խախտելու մեջ», ինչին ի պատասխան ՀՀ ղեկավարը հայտարարություն էր արել, որում Իլհամ Ալիևին անվանել էր «գործընկեր»։

«Անհամբեր սպասում եմ [Ալիևի հետ հանդիպմանը], որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել»,- ասել էր նա։

Մեկնաբանել