Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը։ Այն գիշերը հետաձգվել էր և սկսվել այսօր ժամը 11։00-ին։

Հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

«Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում Քոչարյանը նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

***

2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում բազմաթիվ ընտրախախտումներով և վարչական ռեսուրսի չարաշահումներով տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։ Նրա մրցակից, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և կողմնակիցները չընդունեցին ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ Տեր-Պետրոսյանը ստացել էր 21,5 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 52.8 տոկոս։ Ընտրություններին հաջորդած հանրահավաքներն ու խաղաղ ցույցերն ավարտվեցին իշխանությունների կողմից բռնի ուժի գործադրմամբ մարտի 1-ին, ինչի արդյունքում զոհվեց տասը հոգի, մոտ 300-ը վիրավորվեցին։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում հայտարարեց արտակարգ դրություն։ Բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Երևան։

2008-ի մարտի 1-ին ժողովրդական ցույցը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը՝ այն ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր աջակիցներից։ Փաշինյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում, նա անցնում է ընդհատակ և ներկայանում է դատախազություն միայն 2009-ի հուլիսին։ Դատապարտվում է յոթ տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Երկու տարի անց՝ 2011-ի մայիսին, համաներմամբ ազատ է արձակվում։

Տասը տարվա ընթացքում Մարտի 1-ի գործով որևէ մեկը իրավական պատասխանատվության չի ենթարկվել։

Փաշինյանը իր բազմաթիվ հրապարակային ելույթներում և հոդվածներում Մարտի 1-ի համար պատասխանատու է համարել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մյուսներին և բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Մարտի 1-ի մեղավորները պետք է պատժվեն։

2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը իր կառավարության առաջնահերթություններից է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել