Կա ԼՂ հարցի կարգավորման մեկ իրատեսական հեռանկար՝ բանակցային․ ՌԴ փոխարտգործնախարար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն մեկ իրատեսական հեռանկար կա՝ խաղաղ բանակցությունների միջոցով․ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Նա նաև խոսել է Հայաստանի ներքաղաքական իրադրության մասին։

«Դուք գիտեք, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ռուս-հայկական ավանդական ինտենսիվ երկխոսությունը շարունակվեց բարձր և բարձրագույն մակարդակներով։ Հաշվված ամիսների ընթացքում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահի երեք և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի երկու հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով։ Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքը տեսնում ենք նրանում, որ հաստատվում է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղեգծի անփոփոխ լինելը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում՝ ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում։

Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը՝ գնում է համատեղ աշխատանք համագործակցության կոնկրետ ուղղություններով»,- ասել է Կարասինը։

Խոսելով Հայաստանում նոր ղեկավարության օրոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկաների մասին՝ դիվանագետն ասել է․ «Գոյություն ունի միայն մեկ իրատեսական հեռանկար՝ հակամարտության խաղաղ կարգավորում բանակցությունների ճանապարհով։ Ադրբեջանցի և հայ ժողովուրդների՝ անվտանգության, կայունության և զարգացման հարցում կենսական հետաքրքրվածությունը բանակցային գործընթացի հիմքն է և քաղաքական խթանը, ինչին Ռուսաստանն ամեն կերպ սատարում է»։

Մեկնաբանել