Հայաստանը բարելավել է դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2018թ․ Մրցունակության համաշխարհային զեկույցը, որի արդյունքներով Հայաստանն իր մրցունակությամբ զբաղեցնում է 70-րդ տեղը 140 երկրների շարքում։ Նախորդ տարվա նկատմամբ Հայաստանը բարելավել է իր դիրքը երկու հորիզոնականով։

Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածը հոկտեմբերի 17-ին Երևանում ներկայացրին Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնից Մանուկ Հերգնյանը և Սևակ Հովհաննիսյանը։ Տնտեսություն և արժեքներ կենտրոնը Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկերն է։

Հերգնյանն ընդգծեց, որ զեկույցը ներառում է 2018-ի չորս ամսվա՝ հունվար-ապրիլի հարցումների արդյունքները երկրների բիզնես ղեկավարների, և Թավշյա հեղափոխությունից հետո եղած արդյունքները արտացոլված չեն դրանում։

Համաշխարհային մրցունակության զեկույցում առաջատարներն են ԱՄՆ-ը, Սինգապուրը և Գերմանիան։ Ամենաքիչ մրցունակ երկրներն են Չադը (140-րդն է), Եմենը (139-րդն է), Հաիթին (138-րդն է)։

Տարածաշրջանի երկրներից Հայաստանը հետ է մնում Ռուսաստանից (43-րդն է), Վրաստանից (66-րդն է), Ադրբեջանից (69-րդն է)։ Զեկույցի հեղինակները Եվրասիա տարածաշրջանում ներառել են նաև Մոլդովային, Ուկրաինային, Ղրղզստանին, Տաջիկստանին, Ղազախստանին․ այս երկրներից Հայաստանն իր դիրքով զիջում է միայն վերջինին։

Հայաստանն իր լավագույն ցուցանիշը գրանցել է աշխատուժի շուկա հենասյունով` 140 երկրից զբաղեցնելով 33-րդ տեղը, վատագույն ցուցանիշը՝ շուկայի չափ հենասյունով՝ 118-րդ տեղը 140 երկրների շարքում։ Հայաստանի առավելություններից են օտարերկրյա աշխատուժ ընդունելու դյուրինությունը՝ 8-րդ տեղ (Վրաստանը 6-րդ տեղում է), նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակը՝ 17-րդ տեղ (Վրաստանը 4-րդ հորիզոնականում է), նոր բիզնես սկսելու հետ կապված ծախսերի ցուցանիշը՝ 20-րդ տեղ (Վրաստանը 48-րդ տեղում է)։

Թերություններից են՝ սոցիալական կապիտալի ցուցանիշը՝ 122-րդ տեղ (Վրաստանը 126-րդ տեղում է) , ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքները՝ 112-րդ տեղ (Վրաստանը 71-րդ տեղում է), աշխատուժի շարժունակությունը երկրի ներսում՝ 110-րդ տեղ (Վրաստանը 127-րդ տեղում է)։

Զեկույցը ներառում է 2018-ի հունվար-ապրիլին երկրների բիզնես ղեկավարների կողմից հավաքագրված ցուցանիշները։ Դրանք հաշվարկվում են 12 հիմնական հենասյուների հիման վրա՝ երկրների ցուցանիշները ներկայացնելով համաթվի (1-ից 140) և միավորների (0-ից 100) միջոցով։ Արդյունքները ցույց են տալիս, որ մրցունակության և եկամտի մակարդակի միջև ուժեղ կորելյացիա կա․ բարձր եկամուտ ունեցող երկրները մրցունակության ցուցանիշով առաջին 20-յակում են։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել