ԵՄ-ն ու ՀԲ-ն ավելի քան 730 մլն եվրո կտրամադրեն Հայաստանում ծրագրերի համար

Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը շուրջ 13 մլրդ եվրո կտրամադրեն Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից վեց պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Նախագծերի իրականացման նպատակով կպահանջվեն ընդհանուր առմամբ շուրջ 13 մլրդ եվրո արժողությամբ ներդրումներ՝ նախատեսված ընդհանուր 4800 կմ ավտոմայրուղի և երկաթգիծ, 6 նավահանգիստ և 11 լոգիստիկ կենտրոնների համար, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հրապարակած փաստաթղթի համաձայն, այս ծրագրի շրջանակում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 730 մլն եվրո: «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարության համար նախատեսվում է 450 մլն եվրո, Գյումրի-Բավրա ճանապարհի համար՝ 41 մլն եվրո, ևս 7,5 միլիոն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհի վերանորոգման համար: Շուրջ 15 մլն եվրո նախատեսվում է տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի համար:

Ներդրումային ծրագրում ընդգրկված նախագծերը սահմանվել են Արևելյան գործընկերության երկրների հետ համատեղ՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ: Նախագծերի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նոր և գոյություն ունեցող ճանապարհների, երկաթուղային գծերի, նավահանգիստների, օդանավակայանների, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի համար անհրաժեշտ շինարարություն և վերականգնում:

«Տրանսպորտային կապի ընդարձակումը ինչպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում, այնպես էլ ԱլԳ տարածաշրջանի և Եվրոպական միության միջև ունի տնտեսական աճը խթանելու և աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի միջոցով կընդգծվի ճանապարհային անվտանգության նշանակությունը, ինչպես նաև՝ թվային լուծումների կարևորությունը նոր նախագծերում: Այն կնպաստի նաև նախագծային չափորոշիչների համապատասխանեցմանը Եվրամիության ներկա գործելակերպին», նշեց Եվրոպական միության տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչը:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել