Բանտում մահացած Եղիազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժել է դատավոր Արմեն Բեկթաշյանը

Հունվարի 26-ին առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է խարդախության համար մեղադրվող Մհեր Եղիազարյանը։ Նա դեկտեմբերի 5-ից 44 օր հացադուլի մեջ էր։ Եղիազարյանի պաշտպաններից Վահե Արմենակյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ հացադուլի ողջ ընթացքում Եղիազարյանը միայն ջուր է խմել։ Արմենակյանը նշեց նաև, որ Մհեր Եղիազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից մերժվել է հունվարի 19-ին։

Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է 2018-ի դեկտեմբերի 3-ին, կալանավորվել՝ դեկտեմբերի 5-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Ըստ հաղորդագրության՝ պարզվել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ կամ միջնորդների միջոցով, խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ»:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Եղիազարյանի պաշտպաններից Վահե Արմենակյանը նշեց, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ․ «Դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով միջնորդությունը գտել էր, որ խափանման միջոցը փոխելու հիմքեր չկան։ Մենք նաև ներկայացրել էինք երկու պատգամավորի երաշխավորագրեր։ Դատարանը դեկտեմբերի վերջին նշանակեց նիստը, հետո հետաձգեց այն, իսկ հունվարի 19-ին մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց պաշտպանը։

Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ չեն ներկայացրել խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, պաշտպանը պարզաբանեց․ «Դա գործընթաց էր, որ պետք էր անցնել, մենք որոշ փաստեր էինք հավաքում, այդ թվում՝ ժամանակատար էր պատգամավորների երաշխավորագրերի ստանալու գործընթացը, բացի այդ, մեզ ժամանակ էր հարկավոր, որ տուժողների, այսինքն՝ Մհերի դեմ ցուցմունք տված անձանց հետ ընդհանուր հայտարարի գանք, Մհերը փոխհատուցել էր նրանց գումարը, և նրանք էլ չէին առարկել խափանման միջոցի փոփոխությանը»։

Արմենակյանը հայտնեց, որ հացադուլի ողջ ընթացքում Եղիազարյանը միայն ջուր է խմել։ Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին երկու անգամ տեղափոխել են բժշկական կենտրոն․ «Նախորդ տարեվերջին և այս տարի հունվարի 10-ին Եղիազարյանին տեղափոխում են շտապօգնությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի արձագանքն էր տարօրինակ, նրան հետազոտել են ու ասել, որ ոչ մի ստացիոնար բուժման կարիք չունի, նորմալ է առողջական վիճակը»։

Մհեր Եղիազարյանի պաշտպանը հաղորդեց, որ արդարադատության նախարարությունից, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկից ու Մարդու իրավունքների պաշտպանից դժգոհություն չունեն։ Նրա խոսքով, հիմնարկում Մհեր Եղիազարյանին նկատմամբ ուշադիր են եղել, իսկ ՄԻՊ աշխատակիցները մի քանի անգամ այցելել են նրան։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացրին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են․ «Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բարձրացված խնդիրներ լուծման ուղղությամբ»,- տեղեկացրեց ՄԻՊ քարտուղար Նունե Հովսեփյանը։

Ի դեպ, Արմեն Բեկթաշյանը նույն դատավորն է, ով տարիներ առաջ՝ 2015-ի սեպտեմբերին, 9 տարվա ազատազրկման դատապարտեց Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած Հայկ Կյուրեղյանին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել