Կալանավորվեց «Սպայկա» ընկերության տնօրենը

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը ապրիլի 8-ին կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացրել էր նախաքննական մարմինը։

Դատարանի դիմաց բողոքի ցույց են անում ընկերության աշխատակիցները։

***

Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը։ Ըստ նախաքննական մարմնի՝ «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից 2014-2015-ին «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստան փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստան: Իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ այդ թվում ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն: Արդյունքում, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները ՀՀ-ում մաքսազերծել է այլ ապրանքատեսակու անվան տակ, որոնց մաքսազերծումը ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից: Ընկերության գործունեության արդյունքում պետական բյուջե չի վճարել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 մլրդ ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը)։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել