Հեշտացնել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գործը․ առաջարկ

Կառավարությունն առաջարկում է հարմար պայմաններ ստեղծել երեխա ունեցող աշխատողների համար։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում Կրթության և գիտության ու Աշխատանքի և զբաղվածության նախարարությունները նոր նախագիծ են շրջանառության դրել։

Առաջարկում նշվում է, որ եթե աշխատանքային օրվա ավարտը սահմանված է 18.00-ն, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի պահանջով, մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ «նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար», մասնավորապես, ըստ կառավարության, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

Նախագիծը հանրային քննարկման է դրվել մայիսի 6-ին, որից հետո կարող է մտնել կառավարության օրակարգ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել