Պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն․ վարչապետի խոսնակը՝ Բալասանյանի մասին

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները «պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը»: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը.

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ՝ մայիսի 9-ին, Շուշիում Եռատոնին նվիրված միջոցառումների ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին՝ Արցախի 2 նախագահների նամակի վերաբերյալ, նշել է, որ եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և էքս, դիմել էին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նա նշել է, որ ըստ իրեն, ճիշտ չեն արել, պետք է հարգեին երկու նախագահների հայտարարությունները: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ։

– Տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ: Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում:

***

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դիմումում նրանք նշել էին, որ «պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։

Գլխավոր դատախազությունը ի պատասխան պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ դատախազությունը «տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսի 9-ին Արցախում Tert.am լրատվականի հետ զրույցում ասել է, որ «եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին թույլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին»։

Լուսանկարում՝ Վիտալի Բալասանյանը՝ աջից առաջինը, 2019թ․ մայիսի 9, Արցախ

Մեկնաբանել