Հայաստանի նոր կառավարությունը որոշակիորեն հանձնառու է խաղաղ կարգավորմանը․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Հայաստանի նոր կառավարությունը որոշակիորեն հանձնառու է խաղաղ կարգավորմանը և կառուցողական երկխոսությանը․ ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նա պատմել է, որ Բաքու իր այցի նպատակը Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումն է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին, իշխանությունների և քաղաքացիական հասարակության դիրքորոշումներին ծանոթանալը։

«Ինչպես գիտեք՝ ԵՄ-ն բանակցությունների մասնակից չէ, սակայն մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, իսկ իմ դերը այդ ջանքերին սատարելն է»,- ասել է Կլաարը։

ԵՄ պաշտոնյան հայտնել է, որ ամսվա վերջին մտադիր է այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ։ Նա արդեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հարցին, թե Ալիևի հետ հանդիպմանը քննարկվե՞լ է մարդասիրական քայլերի իրագործումը, Կլաարը պատասխանել է, որ այդ հարցը նույնպես շոշափվել է։

«Մենք քննարկեցինք վստահության և փոխըմբռնման հաստատման միջոցները։ Ես հուսով եմ՝ Բաքվում և Երևանում գիտակցում են այդ գործընթացի կարևորությունը, ես խնդրեցի նախագահին և ԱԳ նախարարին ասել, թե ինչպես կարող է այդ գործընթացին սատարել Եվրամիությունը»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ ԵՄ-ն տարիներ շարունակ միջոցներ է հատկացնում քաղաքացիական հասարակությանն աջակցելու, հանրություններին խաղաղության նախապատրաստելու նախագծերի համար։

Հարցադրմանը, թե Բաքուն չի ողջունում Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների մակարդակով շփումները, Կլաարն ասել է, որ ԵՄ-ն ունի երկու նման նախագիծ, որոնցից մեկը վերջերս Թբիլիսիում կայացած՝ երկու երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչների հանդիպումն էր։

«Բոլորն են հասկանում, որ խաղաղ կարգավորումը անհնար է առանց շփման, հաղորդակցության, միմյանց հասկանալու։ Այդ պատճառով երկու առաջնորդները պետք է գիտակցեն, թե որքան դա կարևոր է։ Ադրբեջանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումներից հետո ես տպավորություն ունեմ, որ նման ըմբռնում կա»,- ասել է Տոյվո Կլաարը։

Մեծացե՞լ են արդյոք խաղաղ կարգավորման հնարավորությունները Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այս հարցին ԵՄ հատուկ ներկայացուցիչը պատասխանել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը որոշակիորեն հանձնառու է խաղաղ կարգավորմանն ու կառուցողական երկխոսությանը։

«Այդպիսին է մեր տպավորությունը Հայաստանի ԱԳ նախարարի և մյուս ղեկավարների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական մի շարք հանդիպումների արդյունքներով»,- ասել է Կլաարը։

Կարգավորման գործընթացում ճեղքման մասին հարցին նա պատասխանել է, որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք։

«Դա մի բան է, որը չի կարող կողմերին տրվել կողքից»,- եզրափակել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Մինսկի խմբի միջնորդների մասնակցությամբ, 2019թ․ մարտի 29, Վիեննա

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել