Վրաստան․ ռուսական զբոսաշրջային էմբարգոյի կորուստների հաշվարկ 

Eurasianet.org կայքը հրապարակել է Սեմ Բուտիայի հոդվածը՝ Վրաստան․ ռուսական տուրիստական էմբարգոյից կրած կորուստների հաշվարկ, որում խոսվում է Վրաստանի նկատմամբ ռուսական էմբարգոյի և դրա նյութական հետևանքների մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Վրաստանի տնտեսության կախումը զբոսաշրջության ոլորտից գնալով մեծանում է, իսկ զբոսաշրջության ոլորտինը՝ ռուսներից։ Ռուսական զբոսաշրջային էմբարգոյից կրած վնասը կարող է կազմել հարյուր միլիոնավոր դոլարներ։

Վրաստանի նկատմամբ ռուսական էմբարգոն ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչքան մեծ և շարունակաբար աճող դեր ունի զբոսաշրջության ոլորտը Վրաստանի տնտեսության մեջ, և ինչ վնաս կարող է հասցնել ռուս զբոսաշրջիկների կորուստը։

Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (WTTC) տվյալներով՝ Վրաստանի ՀՆԱ-ում զբոսաշրջության ներդրումը 2018-ին կազմել է 33,7 տոկոս (այս թիվը ներառում է ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ներդրումը)։ Դա զգալիորեն բարձր է, քան աշխարհում միջին ցուցանիշը (10,4 տոկոս)։ Հայաստանում, օրինակ, այս ցուցանիշը 16 տոկոս է, իսկ Ադրբեջանում՝ 13 տոկոս։ Նույնիսկ Թաիլանդում զբոսաշրջության բաժինը ՀՆԱ-ում ընդամենը 21 տոկոս է։

Զբոսաշրջությունը զգալի ներդրում ունի նաև աշխատատեղերի ստեղծման մեջ։ WTTC-ի վիճակագրության համաձայն՝ 2018-ին Վրաստանում զբոսաշրջությունը ուղղակի և անուղղակի «կերակրել է» 519 700 աշխատողի, ինչը կազմում է երկրում աշխատատեղերի ընդհանուր թվի 23 տոկոսը։ Այս թիվը ևս զգալիորեն բարձր է աշխարհում միջին ցուցանիշից (10 տոկոս)։

Վրաստանի՝ զբոսաշրջության ոլորտի պատասխանատու պետական գերատեսչության տվյալները ևս վկայում են երկրի տնտեսությունում այդ ոլորտի կարևոր դերի մասին։ Ըստ գերատեսչության տվյալների՝ զբոսաշրջության ուղղակի ներդրումը կազմել է ՀՆԱ-ի 7,6 տոկոսը և ապահովել է 3,2 միլիարդ դոլար դրամական մուտք։

Պատճառների մի ամբողջ շարք կա կարծելու, որ ռուսական զբոսաշրջային էմբարգոն կարող է Վրաստանի տնտեսության վրա նշանակալի ազդեցություն ունենալ։ Ռուսաստանը զբոսաշրջիկների ամենախոշոր «մատակարարներից» է․ 2018-ին Վրաստան այցելած 8,7 միլիոն միջազգային հյուրերից 1,4 միլիոնը (16,2 տոկոսը) ժամանել է ՌԴ-ից։

Վերջին տարիներին այցելուների թվի աճի մեջ էլ Ռուսաստանի բաժինը մեծ է։ Միջազգային հյուրերի ընդհանուր թիվը 2013-ից 2018-ը աճել է 51,3 տոկոսով։ Հենց այդ նույն ժամանակ ՌԴ-ից այցելուների թիվը աճել է ավելի քան երկու անգամ՝ 606 668-ից մինչև 1,4 միլիոն։ Միայն 2017-ից 2018-ը ռուս զբոսաշրջիկների թիվը աճել է 23,8 տոկոսով։

WTTC-ի տվյալներով՝ 2018-ին արտասահմանցի հյուրերը Վրաստանում ծախսել են 3,5 միլիարդ դոլար, այսինքն՝ մեկ մարդուն բաժին է ընկնում միջինը 402 դոլար։ Եթե մենք համեստորեն ենթադրում ենք, որ էմբարգոյի պատճառով ռուս զբոսաշրջիկների թիվը կիջնի 25 տոկոսով, ապա դա կնշանակի, որ այս տարի այցելուների թիվը կկրճատվի 350 000-ով, ինչը կբերի 141 միլիոն դոլարի դրամական կորուստ։ Իսկ դա քիչ չէ։

Հայաստանցի տնտեսագետ և վերլուծաբան Հրանտ Միքայելյանը եկել է ավելի հոռետեսական եզրակացության։ Նրա հաշվարկներով,- հաշվի առնելով, որ Հայաստանից ու Ադրբեջանից Վրաստան ժամանող զբոսաշրջիկների մեծամասնությունը թերևս միայն մեկօրյա ուղևորություն է կատարում, որպեսզի, օրինակ, խանութներով շրջի,- ռուսների բաժինը, հավանաբար, իրական զբոսաշրջիկների ընդհանուր թվի 30 տոկոսն է, և 2019-ին նրանք կարող էին ապահովել զբոսաշրջության սեկտորի՝ ընդհանուր 4 միլիարդ դոլար մուտքերից մոտ 1,4 միլիարդ դոլարը։

Զբոսաշրջության ոլորտում զբաղվածների եկամուտների կորուստը կարող է խորացնել առանց այդ էլ պայթյունավտանգ քաղաքական իրավիճակը։

Սակայն ստեղծված իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում կարող է բերել որոշակի օգուտ, եթե այն կառավարությանը ստիպի Վրաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ավելի ագրեսիվ առաջ տանել, օրինակ՝ Արևմտյան Եվրոպայի և Պարսից ծոցի երկրներում՝ այդպիսով բազմազանեցնելով երկիր ժամանող զբոսաշրջիկների հոսքը։

Վրաստանը զբոսաշրջային հայտնի ուղղություն է, որի մասին տուրիստական հրապարակումներում կանոնավոր հիշում են։ Օրինակ՝ 2018-ին այն հայտնվել է աշխարհում լավագույն զբոսաշրջային ուղղությունների տասնյակում՝ ըստ հեղինակավոր Lonely Planet հրատարակության, և շարունակում է զարգացնել իր զբոսաշրջային ենթակառուցվածքը։

Այսպիսիով, չնայած մոտ ժամանակներս ռուսական էմբարգոն կարող է ցավոտ հարված հասցնել ոլորտին, բայց երկարաժամկետ հեռանկարում պատկերը ավելի բազմագույն է։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել