Մա՛յր մեր

Էսօր քո օրն է, Տիրամեր, որ մերն ես ու տերը չես։ Խաղողօրհնեք է, բայց ճշմարիտ որթատունկը Տերն է, իսկ դո՞ւ։ Երևի ողկույզն ես, որ կճզմեն ու քեզնից քամված որդուդ արյունը քեզ կհրամցնեն։ Վերափոխման տաղավար տոն է, ուստի հարկ է Տերունական հին աղոթքը Նոր Հայաստանի արդեն մոռացված աշխարհիկ հանգով կրկին գրառել քո պատվին, մա՛յր մեր։

Մա՛յր մեր, որ մեզանում տնայնագործական մակարդակի սուրբ ես, իսկ երկնքում՝ ընդամենը Աստվածամայր, նույն ինքը՝ Տիրամեր, արի իշխանափոխություն անենք՝ հանուն Մոր և Մանկան և Հոգու թավշյա, հեղափոխական, չէ՞ որ երկրում իրավիճակ է փոխվել։ Եկ «Մայր մեր»-ը բարձրաձայնենք։ Հենց էսպես. «Մայր մեր, որ հերկինս ես ու երկրի վրա, սուրբ եղիցի անունը քո, եկեսցե մայրիշխանությունը քո, եղիցի կամք քո որպես հերկինս և հերկրի…», մնացածը՝ ըստ ճաշակի և իսկության։

Գուցե էսպե՞ս․

Մա՛յր մեր, որ երկրում ես ամենայն հայոց, հազարամյա ու հինավուրց, ավելի ճիշտ՝ խոհանոցում, գազօջախին գամված սուրբ օջախի սյուն, լույս եղիցի անունը քո, եղիցի կամքը քո՝ որպես հերկինս և հորս կին, հաց դիր հանապազօրյա, սոված ենք, ուտենք, հետո հավաքիր կեղտոտ ափսեներն ու լվա, լվա, հատակն էլ պռտիր, ապա վերստին լվա, լվա, պարզաջրի լվացքը քո մշտնջենական, չփխիր բրդերը, փակիր պահածոներդ, բանիր օրնիիբուն, կամավոր աղախին, մայր մեր տնային տնտեսուհի, հանուն Հոր և Որդու և Հոգու Սուրբ՝ ընտանեկան լոտոյի, որ շահել ես մի ջնջումով։

Մա՛յր մեր երկրային, նեղության պահին մենք քեզ ենք հիշում, մեկ էլ հորը մեր երկնային, վերևն Աստված կա, ներքևը՝ դու։ Թող քո հերն անիծողները մենք լինենք, բայց քեզ քրֆողի մորը լացացնենք, որովհետև դու կին չես շարքային, այլ սրբություն, իսկ կենդանի սուրբ լինելը թե՛ օրհնանք է, թե՛ անեծք։ Կարևորը` եղիր մեր գլխից անպակաս, մի՛ եղիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ, ոչ էլ սղոցի պես՝ մեկ դեպի քեզ, մեկ դեպի մեզ, այլ եղիր վարդակի պես, միշտ ինքնամփոփ ու դեպի մեզ ու հանուն մեզ, հոսանքատու, լիցքավորիչ, լուսավորիչ դու մեր բնիկ։ Նվիրվիր մեզ ու միայն մեզ՝ բացառապես ու հատկապես, անմնացորդ ու գլխովին, որովհետև մե՛ր մերն ես ու մերն ես դու, հավիտյանս հավիտենից, ամե՛ն, ամեն քայլափոխիդ ապրիր մեզնով՝ քեզ երկրորդած, որովհետև տերը մեկն է, ու դա դու չես։

Քայլ արա, մե՛ր, մերժիր ես-դ, կոտորի քեզ, որ հասցնես մեզ հասցնել մեր մուրազին, մի խնայիր քեզ, որ խնամես մեզ, ոչինչ, որ առողջությունդ կքայքայես, մենք արցունքներն աչքներիս հարբած կերգենք «Իմ հիվանդ մայրն» ու հուզված կարտասանենք «Մոր ձեռքերը»։ Ոչինչ, որ կծերանաս ու տեսքից կընկնես ժամանակից շուտ, բայց եղիր անշուք, որ հարևանը չշոռի, և ընդհանրապես ավելի լավ է երկնքում լինես, քան երկրի վրա ման եկող, որովհետև որդիքդ բոզի տղա կհորջորջվեն ու ստիպված կլինեն դառնալ ոստիկան, որ էլի մերն է, բայց մերն ուրիշ է, մերն անուշ է, իսկ ուրիշինը, թե սեքսի է, հաստատ ղուշ է, բճի մերը՝ հայուգենի աչքի փուշն է։ Ի՞նչ ասեմ, մա՛յր մեր, դիմացիր մեզ, իմացիր, որ բոլորիս էլ մի մայր է բերել ու դիմացել, դիմացել, անցել գնացել․․․

Էսօր Խաղողօրհնեք է, մա՛յր մեր, միթե՞ քեզ էլ են ճզմելու ու որդուդ արյունը որպես գինի մատուցեն քեզ։ Ծիսական տեսարանները, որ կհեռարձակվեն երկրի բոլոր հեռուստաալիքներով, ինչքան էլ սիրուն լինեն, մեկ է՝ քոռ կոպեկի արժեք չունեն, թե դրան հաջորդելու կամ նախորդելու է «սահմանին զոհ ունենք» բոթը։ Չէ, չի լինելու Հայաստանը սուրբ ծեսերի երկիր, եթե անգամ հանրահայտ ինքնակոչ ալբանացին «Հայր մեր»-ն անգիր անի ու ճաղերի ետևից օրը չորս անգամ TV5-ով ուղիղ հեռարձակմամբ բարձրաձայն աղոթի։ Մնալու է կեղծ բարեպաշտների որջ ու կին ծեծող, Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք կազմակերպող, բայց մոր քֆուրի դիմաց արյուն թափող քյառթաշեն, քանի դեռ մայրը տերունական կարգերի զոհ է, որդին՝ պատերազմի, քանի դեռ աշխարհը ցուրտ է ու փաբուսիկ է, և անգամ Եհովայի սերը վառ պահելը չի փրկեա զմեզ ի չարէ, քանի դեռ տերը մեկն է, և այդ մեկը դու չես, քանի դեռ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկը դու չես, մայրիկ, ավաղ, դու չես․․․

Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ․․․․ մնացածն ասված է՝ այ այստեղ։

Մեկնաբանել