Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը

Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու՝ Արցախի խորհրդարանի ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանը մասնավորապես հայտարարել է հետևյալը․

1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:

2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:

3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:

4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:

5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

«Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»,- նշել է Ղուլյանը։

Կապանում այսօրվա ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արցախի նախագահի թեկնածուներին ասել՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ղարաբաղյան հարցում, թե՞ ոչ։

Մեկնաբանել