Փաշինյանը երեք պայման է դրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի առջև

Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերին զգուշացրել է՝ չխոչընդոտել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը․ այս մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց մարտի 10-ին Քաջարանում սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի ընթացքում։

Փաշինյանն ասաց, որ որպես վարչապետ 2018-ի նոյեմբերին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գերմանացի բաժնետերերին ընդունել ու տեղեկացրել է, որ «շատ լուրջ պրոբլեմներ կլինեն, եթե իմանա, որ գործարանի վարչակազմը քաղաքական որևէ նպատակով խոչընդոտում է կոմբինատի աշխատողների ազատ կամարտահայտությունը»։

Վարչապետի խոսքով՝ կապ չունի՝ այս գործընթացը կլինի հօգուտ, թե ընդդեմ կառավարության։ Վարչապետն ասաց, որ երեք պայման է դրել կոմբինատի բաժնետերերի առջև։

«Ես իրենց առաջ դրել եմ հետևյալ խնդիրները․ ասել եմ՝ ՀՀ-ում հանքարդյունաբերությունն ու մասնավորապես Պղնձամոլիբդենային կոմբինատը պետք է աշխատեն այն ստանդարտներով, ինչ ստանդարտներով կաշխատեր Գերմանիայում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ակնկալում է, որ կոմբինատը իրեն կներկայացնի կոնկրետ ռազմավարություն, թե «առաջիկա հինգ տարում ինչ է փոխվելու, մյուս հինգ տարում ինչ է փոխվելու, ու միջազգային ստանդարտին ինչ ժամանակաշրջանում ենք հասնելու»։ Փաշինյանն իր օգնականին հանձնարարել է պարզել, թե որ փուլ է հասել այս գործընթացը։

․․․

2019-ի նոյեմբերին ՍիվիլՆեթը հրապարակել էր հետաքննություն վերջին տարիներին Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի փոփոխությունների վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահները զբաղվում են այդ գործով։

#CivilNet #News

Մեկնաբանել