Վահրամ քահանա Մելիքյանի արձագանքը ՍիվիլՆեթի հրապարակմանը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է ներկայացրել ՍիվիլՆեթի մի հրապարակման վերաբերյալ, որը վերաբերում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի երկրից մեկնելուն։

«Մարտի 16-ին «Սիվիլնեթը», հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այս իրավիճակից ելնելով, լքել է երկիրը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Հայոց Եկեղեցու զավակների մոտ, նաև հրճվանք Հայոց Եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում:

Նույն օրը երեկոյան լրատվամիջոցի տնօրինությանը մեր հեռախոսազրույցների ընթացքում տրված լուսաբանությունների արդյունքում հեռացվեց կայքի վրա զետեղված նյութը, սակայն, ցավոք, պահպանվեց յութուբյան տեսանյութը, որը և ակտիվորեն չարամտորեն սկսեց տարածվել հատկապես ռուսահայ մի կայքի կողմից, որն ակնհայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում եկեղեցականության և Եկեղեցու հանդեպ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները, որոնց մի մասի վերաբերյալ Վեհափառ Հայրապետն արդեն իսկ հանդես է եկել ժողովրդին ուղղված հորդորով: Այսօր էլ Նորին Սրբությունը ունի ծրագրված աշխատանքային հանդիպումներ և տարբեր հարցերի շուրջ խորհրդակցություններ:

Կարծում եմ, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, հետևելով ՀՀ կառավարության որոշմանը, պետք է ականջալուր լինել միայն պաշտոնական լրահոսին: Ազգի հոգևոր առաջնորդի հասցեին նման կեղծ լուրերի տարածումը միայն ահագնացնում է տագնապի և խուճապի մթնոլորտը»,- նշել է Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան գրառման մեջ:

ՍիվիլՆեթը, մարտի 16-ի օրվա անգլերեն ամփոփման տեսանյութում, հիմք ընդունելով տեղեկատվությունը և լուսանկարը իր անանուն աղբյուրից, ով Վեհափառի հետ նույն օդանավում էր եղել, նշել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկրից մեկնել է։

Կաթողիկոսի մեկնելու մասին հավելյալ պարզաբանում ստանալու համար մարտի 16-ին ՍիվիլՆեթի լրագրողի բազմաթիվ զանգերն անպատասխան էին մնացել և միայն մարտի 17-ի առավոտյան, երբ արդեն նյութը հարապարկված էր, Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել է, որ Վեհափառը մարտի 14-ին ընդամենը մի քանի ժամով մեկնել էր Մոսկվա։

ՍիվիլՆեթի անգլերեն տեսանյութում նշվում և ցուցադրվում է նաև, որ Մայր Աթոռը, չնայած առողջապահության նախարարի կոչին, չէր դադարեցրել բազմամարդ կրոնական ծեսերը, այդ թվում՝ կիրակնoրյա պատարագները։

Ավելի ուշ` մարտի 16-ի երեկոյան, Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ հղեց, որ Սուրբ պատարագի արարողությունները կանցկացվեն դռնփակ՝ առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը։ Այդ լուրը որպես թարմացում ավելացվել էր անգլերեն տեսանյութի նկարագրությունում։

ՍիվիլՆեթի խմբագրություն

Մեկնաբանել