ԱՀԿ-ն նախաձեռնելու է բազմերկրյա փորձարկումներ կորոնավիրուսի դեմ դեղերի փնտրտուքում 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որպես Covid-19-ի բուժումը գտնելու համապարփակ ու համաշխարհային ջանքերի մի մաս, մարտի 18-ին հայտարարել է կորոնավիրուսի հնարավոր բուժման համար բազմաճյուղ, բազմերկրյա կլինիկական փորձարկումներ սկսելու մասին։

Փորձարկվելու են չորս դեղեր կամ դեղերի համադրություններ, որոնք արդեն լիցենզավորված են և օգտագործվել են այլ հիվանդությունների համար։ Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: Տասը երկիր արդեն հայտնել է փորձարկմանը մասնակցելու պատրաստակամության մասին։

Այն փաստը, որ փորձարկումները հովանավորվում են ԱՀԿ-ի կողմից, ենթադրում է, որ Չինաստանում այդ դեղամիջոցները փորձարկելու արդյունքում չեն ստացվել բավարար տվյալներ՝ ցույց տալու, թե արդյոք դրանք օգնել են կանխել հիվանդության ծանր տեսակի զարգացումը կամ մահից փրկել ծանր հիվանդներին:

Թեդրոսը հույս է հայտնել, որ «ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ փորձարկումներ» անվանումը կրող ուսումնասիրությունը կմիանան այլ պետություններ ևս: Փորձարկմանն առայժմ միացել են Արգենտինան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իրանը, Նորվեգիան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Շվեյցարիան և Թաիլանդը:

«Այս փորձարկումը կենտրոնանում է հասարակության համար առաջնային հարցերի վրա: Արդյոք այս դեղերից որևէ մեկը նվազեցնո՞ւմ է մահացությունը: Արդյոք որևէ մեկը կրճատո՞ւմ է հիվանդի՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածը, անկախ նրանից, թե այդ դեղերից որևէ մեկը ստացող հիվանդներին անհրաժեշտ է եղել շնչուղիների բացում կամ էլ նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, թե ոչ»,- ասել է ԱՀԿ-ի հետազոտության և զարգացման խմբի ղեկավար Աննա Մարիա Էնաո-Ռեստրեպոն։

Փորձարկվող դեղերն են հակավիրուսային դեղամիջոց ռեմդեսիվիրը; ՄԻԱՎ-ի երկու դեղերի՝ լոպինավիրի և ռիտոնավիրի համադրությունը; լոպինավիր և ռիտոնավիր ու ինտերֆերոն բետա; և մալարիայի դեմ դեղամիջոց քլորոքինը: Բոլորը որոշակի արդյունավետություն են ցույց տվել SARS-CoV 2 վիրուսի դեմ, որն առաջացնում է Covid-19, լաբորատոր և (կամ) կենդանիների վրա փորձարկումներում:

Ավելի ուշ, New England Journal of Medicine-ը հրապարակեց ուսումնասիրություն Չինաստանից, որում նշվում է, որ լոպինավիր-ռիտոնավիրի համադրությունը չի նպաստում հիվանդների մոտ հիվանդության արագ հաղթահարմանը կամ դրական ազդում առողջացման առումով, չնայած հեղինակները նշել են, որ մահացության շատ բարձր մակարդակը դեղն ստացող հիվանդների շրջանում և միայն ստանդարտ խնամք ստացած հիվանդների շրջանում վկայում են, որ ընդգրկվել են «ծանր հիվանդ անձինք»:

Փորձարկմանը մասնակցող 199 հիվանդների 22 տոկոսը մահացել է, ինչը «էապես ավելի բարձր է, քան Covid-19-ով հոսպիտալացված հիվանդների նախնական ուսումնասիրությունների ժամանակ գրանցված 11-14,5 տոկոս մահացությունը»,- ասում են նրանք:

Ըստ Էնաո-Ռեստրեպոյի՝ քլորոքինը, որը էժան է և լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում, փորձարկվելու է երկու եղանակով: Որոշ երկրներ կփորձարկեն քլորոքինը, մյուսները՝ հարակից դեղամիջոց հիդրոքսիքլորոքինը։

Հիվանդների ներգրավումը ավելի մեծ թվով երկրներում կնպաստի ստանալու պատասխան, թե ո՛ր դեղամիջոցները, եթե այդպիսիք կան, կարող են արդյունավետ լինել Covid-19-ի դեմ պայքարում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ WHO to launch multinational trial to jumpstart search for coronavirus drugs

Մեկնաբանել