Համընդհանուր դիզայնը հարմար է բոլորին

Արմեն Ալավերդյան

Հաշմանդամություն ունեցող (հատկապես՝ սայլակ օգտագործող) անձանց համար մատչելի միջավայրի ստեղծման խնդիրը մեզանում սկսվել է բարձրաձայնվել անկախություն ձեռք բերելուց հետո։ Խորհրդային տարիներին որևէ ճարտարապետ, նախագծող կամ շինարար նույնիսկ ծանոթ չէր անարգել միջավայրի գաղափարին։ Նույնը վերաբերում էր որոշում կայացողներին՝ պաշտոնյաներին։ Ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող ցանկացած անձ, որպես կանոն, ընկալվում էր որպես «պասիվ», «աջակցության կարիք ունեցող» և «անաշխատունակ» մարդ։

Անկախ Հայաստանում ստեղծվեցին հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, որոնք առաջ քաշեցին մատչելիության և անարգել միջավայրի անհրաժեշտության գաղափարը։ Նրանց հաջողվեց փոխել որոշում կայացողների՝ պետական պաշտոնյաների և համապատասխան մարմինների, վերաբերմունքը տվյալ խնդրին։ Ներկայում դժվար թե գտնվի որևէ պաշտոնյա, որը «կհամարձակվի» հրապարակայնորեն չկարևորել մատչելիության հարցի լուծումը։ Եվ չնայած այդ ամենին, մենք մեծ մասամբ դեռ չունենք մատչելիություն՝ ֆիզիկական, տեղեկատվական, ծրագրային և այլն։

Ինչպես միշտ կամ գրեթե միշտ, խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է մեր մտածելակերպի փոփոխությունը։

Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային շարժումը վերջին տարիներին որդեգրել է մի նոր սկզբունք. շեշտը դրվում է ոչ թե մատչելիության ապահովման, այլ բոլորի համար հարմար միջավայրի ստեղծման վրա։ Այս սկզբունքը կոչվում է համընդհանուր դիզայն կամ ձևավորում (universal design):

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ «համընդհանուր ձևավորում» նշանակում է «ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների ձևավորում, որը դրանք առավելագույնս գործածելի է դարձնում բոլոր մարդկանց համար՝ առանց դրանց հարմարվելու կամ հատուկ ձևավորման անհրաժեշտության»:

«Համընդհանուր ձևավորում»-ն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար նախատեսված օժանդակող պարագաները դրանց անհրաժեշտության դեպքում (հոդված 2)։ Նմանատիպ դրույթներ առկա են նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի նախագծում։

Համընդհանուր դիզայնի գաղափարը շատ պարզ է և ընկալելի։ Այն, ինչ հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց, հարմար է բոլորին։ Օրինակ, աստիճանները մեծապես խոչընդոտում են ոչ միայն հաշմանդամների, այլև մանկական սայլակով երեխաների հետ զբոսնող ծնողների տեղաշարժը։ Հետևաբար, թեքահարթակի կամ այլընտրանքային անարգել ուղու առկայությունն անհրաժեշտ է բնակչության վերը նշված խմբերին, ինչպես նաև տարեց մարդկանց, հղի կանանց, հեծանվորդներին… Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղաշարժման որևէ խնդիր չունեցող մարդիկ ևս նախընտրում են օգտվել հարթ ճանապարհներից, այլ ոչ թե հաղթահարել աստիճանները։

Տեղեկատվության մատչելիություն

Հարկ է նշել, որ համընդհանուր դիզայնն իր մեջ է ներառում ոչ միայն ֆիզիկական խոչընդոտների բացակայությունը։ Տեղեկատվության մատչելիությունը կարևոր դեր է խաղում բազմաթիվ մարդկանց (հատկապես՝ կույր և խուլ անձանց) կյանքում։ Չլսող մարդիկ զրկվում են նորություններ և տարբեր հեռուստածրագրեր դիտելու հնարավորությունից, եթե այդ ծրագրերը չեն զուգորդվում ժեստերի լեզվով թարգմանությամբ։ Դա զգալիորեն նվազեցնում է նրանց առօրյա կյանքի որակը։

Էլ ավելի կարևոր է ապահովել տեղեկատվության մատչելի ձևաչափերի առկայությունն արտակարգ իրավիճակներում (երկրաշարժեր, համաճարակներ և այլն), երբ ինֆորմացիայի պակասի հետևանքով էապես վտանգվում է բազմաթիվ մարդկանց առողջությունը և նույնիսկ կյանքը։

․․․

Վերադառնալով միջավայրի ֆիզիկական մատչելիության խնդրին, նշենք, որ համաձայն հետազոտությունների, շենքի կառուցման ծախսը կարող է ավելանալ առավելագույնը 3 տոկոսով, եթե այն ի սկզբանե նախագծված է համընդհանուր դիզայնի չափանիշներին համապատասխան։ Ցավոք, նույնիսկ վերջին տարիներին կառուցված հանրային շինությունների մեծամասնությունը նախագծված է եղել առանց հաշվի առնելու մատչելիության չափանիշները։ Որպես արդյունք, դրանք կա՛մ մնում են անմատչելի շատ մարդկանց համար, կա՛մ էլ ծախսվում են զգալի միջոցներ առկա արգելքները չեզոքացնելու համար։ Այլ խոսքով՝ շատ ավելի ձեռնտու է միանգամից կառուցել անարգել՝ հարթ մուտք ունեցող շենք, քան կիրառել «ավանդական» նախագծումը, օրինակ՝ կառուցել բազմաթիվ աստիճաններ, որից հետո մտածել, ինչպես չեզոքացնել դրանք թեքահարթակի օգնությամբ։

Ամփոփելով՝ նշեմ, որ համընդհանուր դիզայնն իսկապես ունիվերսալ լուծում է, որի կիրառումը մեծապես կբարելավի հազարավոր մարդկանց կյանքի որակը։

Արմեն Ալավերդյանը «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենն է

Մեկնաբանել